«Զինվորի տանը» հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵՊԲՀ ռեկտորատի անդամներ, ապագա բժիշկներ, նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Իտալիայում գտնվող San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին շնորհվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի այցելու պրոֆեսորի պատվավոր կոչումը:
Այն տրվել է անվանի մասնագետին բժշկական բուհի Նոմինացիոն կոմիտեի որոշմամբ` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի առաջարկով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այս արարողության անցկացումը «Զինվորի տանը» ևս խորհրդանշական է, քանի որ այստեղ անցկացվող յուրաքանչյուր միջոցառում կրկնակի պարտավորեցնող է:
«Այս կենտրոնը հայ ժողովրդի կողմից ստեղծված հարթակ է, որտեղ տղաներն ամբողջովին վերականգնվում են և ներգրավվում սոցիալական կյանքում: Մենք առանձնահատուկ դեպքերում ենք այստեղ իրականացնում ռեկտորատի նիստեր», – ասաց նա` ընդգծելով, որ այս կոչումը նաև աշխատանքային կարգավիճակ է: Տարվա ընթացքում մի քանի անգամ կկազմակերպվեն մասնագիտական փոխայցեր ու վերապատրաստումներ Ֆեդերիկո Վիջեվանոյի ղեկավարած կլինիկայում:
«Պրոֆեսորի այցը նվիրված է մեր երեխաներին և իրենց առողջությանը, որովհետև այդ խնդիրը բավականին արդիական է ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում, խոսքը մանկական էպիլեպսիայի մասին է: Մանկական տարիքում ձևավորված խնդիրները հաջորդաբար արձագանքում են նաև դեռահաս և ավագ տարիքային խմբում: Մեզ համար շատ արժեքավոր է ոչ միայն իր ներկայությունն, այլև կարծիքը տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք քննարկվում են այսօր բժշկագիտության բնագավառում», – շեշտեց Արմեն Մուրադյանը և հավելեց, որ բաց աշխարհում համագործակցությունը թույլ է տալիս թվացյալ անլուծելի խնդիրները շատ առարկայական, պարզ դարձնել:
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի փոխանցմամբ` իր համար մեծ պատիվ է այստեղ ներկա գտնվելը: Դիվանագետի գնահատմամբ` պրոֆեսորի այցը, այս միջոցառումն արտացոլումն է այն բանի, թե ինչպես կարելի է արդյունավետ գործակցություն ծավալել Հայաստանի և Իտալիայի միջև:
Դեսպանի խոսքով` երկու երկրի միջև կապերը յուրահատուկ բնույթ ունեն, և այդ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակական են:
ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը փաստեց, որ ավագ կոլեգան միջազգային նյարդաբանական հանրույթի կողմից ճանաչվել է Էպիլեպսիայի դեսպան:
«Իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոն կենդանի լեգենդ է նյարդաբանության և հոգեբուժության բնագավառում։ Նա ամբողջ կյանքը նվիրել է էպիլեպսիայի ուսումնասիրությանը։ Նրա ջանքերի շնորհիվ ստեղծվել են արդյունավետ գործող մասնագիտական կազմակերպություններ, որոնք ուղղված են էպիլեպսիայի դեմ պայքարին։ Մասնագետների ներգրավվածությունն այս կազմակերպությունների աշխատանքներին թույլ է տալիս զինվել և՛ գիտելիքով, և՛ համապատասխան տեխնիկայով՝ հետազոտելու, ախտորոշելու և բուժելու համար։ 2001 թվականից ի վեր իտալացի պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոն կրում է Էպիլեպսիայի դեսպանի միջազգային կոչումը, – ասաց պրոֆեսոր Մանվելյանը:
Պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոն լրագրողների հետ զրույցում ամփոփեց աշխատանքային այցը ԵՊԲՀ, «Զինվորի տուն»:
«Շատ տպավորված եմ այսօրվա բավականին հագեցած օրակարգից: Եվ այցելու պրոֆեսորի կոչում ստանալն ինձ համար շատ պատվաբեր է, շնորհակալ եմ: Ինձ համար կարևոր է նաև, որ իմ գործունեությամբ եմ արժանացել բժշկական համալսարանի այս պատվավոր կոչմանը: Կյանքս նվիրել եմ մանկական զարգացման խնդիրներին և էնցեֆալոպատիայի ուսումասիրությանը, էպիլեպսիայի ուսումնասիրությանը», – տպավորություններով կիսվեց իտալացի մասնագետը` շեշտելով, որ իր կողմից կատարված աշխատանքներն ամփոփել է «Մուրացան» համալիրում կայացած քննարկումներով, որտեղ հանդիպել է բժիշկների, կլինիկական օրդինատորների հետ, նաև խորհրդատվություններ անցկացրել մանկահասակ պացիենտների հետ:
Միջոցառումը եզրափակվեց շրջայցով, որի ընթացքում «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը դեսպանին և պրոֆեսորին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, տղաների համար վերականգնողական բուժման, հանգստի, աշխատանքի, սոցիալական լայն ընդգրկման համար ձևավորված բոլոր պայմանները:
Հյուրը փաստեց, որ ինչպես «Մուրացան»-ում երիտասարդ բժիշկների հետ շփվելիս, այնպես էլ «Զինվորի տանը» գործակցության հեռանկարները նա տեսնում է մասնավորապես հետազոտական ծրագրերի իրականացման ոլորտում: