Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երախտիքի խոսքեր` մասնագիտական գործունեությունը բժշկական բուհին նվիրած Վլադիմիր Շեկոյանին ծննդյան հոբելյանի առթիվ

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներից է ավագներին, նվիրյալներին մեծարելու, նրանց երախտիքի խոսքեր հղելու ավանդույթը:

Ռեկտորատի այսօրվա նիստում համալսարանի ղեկավարությունը` ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորեց մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանին: ՀՀ գիտության վաստակավոր գործիչը նշեց, որ ավագներին հարգելու ավանդույթով տպավորված է: Հոբելյանի առիթով նա հիշեց այն բժիշկ-գիտնականներին, որոնց հետ բեղուն ճանապարհ է անցել: Պրոֆեսորը մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած երկարամյա աշխատակիցներից է: Արդեն ավելի քան վեց տասնամյակ է՝ ԵՊԲՀ-ն նրա կյանքում կարևոր տեղ ունի:

Բժշկական կրթություն ստանալուց անմիջապես հետո պրոֆեսորի առաջին և միակ աշխատատեղը բժշկական մայր բուհն է: Վլադիմիր Շեկոյանի առաջին այցը՝ հետագայում ողջ կյանքի ընթացքում հարազատ դարձած բժշկական ինստիտուտ, ավագ քրոջ ուղեկցությամբ էր դեռևս 6-րդ դասարանում: Երկարամյա դասախոսի շատ նախկին ուսանողներ այսօր արդեն վաղուց կայացած մասնագետներ են բժշկագիտության տարբեր բնագավառներում: Ժպիտով է նշում, որ առիթ է ունենում դասավանդելու բժշկական ընտանիքների երեք սերնդի: Խոստովանում է, որ երիտասարդ տարիքում լսարանի հետ աշխատանքը սկսելիս թեև կային վախեր, բայց դրանք հաղթահարվեցին ժամանակի ընթացքում: Ասպիրանտուրայում ուսանելուն զուգահեռ, Վլադիմիր Շեկոյանը սկսում է նաև դասախոսական աշխատանքը:

Առաջին անգամ որպես դասախոս լսարան է մուտք գործում ընդամենը 22 տարեկանում՝ լինելով անգամ իր որոշ ուսանողներից տարիքով ավելի փոքր: Պրոֆեսորն ընդգծում է, որ աշխատանքային երկարամյա փորձի ընթացքում նրան միշտ հաջողվել է ուսանողների հետ ունենալ լավ հարաբերություններ: Փոխադարձ հարգանքն առաջնահերթություն է համարում, բայց պահանջկոտությունը ևս երբեք չի նահանջել իր մասնագիտական գործունեությունից: Հեղինակ է շուրջ 150 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Վլադիմիր Շեկոյանն ընդգծում է, որ իր համար մեծ հպարտություն է լինել գրեթե մեկ դարյա պատմություն ունեցող բժշկական բուհի մի մասնիկը: Բուհ, որը մշտապես առաջատար դիրքեր է զբաղեցրել հայաստանյան բուհական համակարգում՝ առաջին հերթին շնորհիվ տարբեր տարիների շրջանավարտների, որոնք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր անկյուններում, հիմնում են բժշկական կազմակերպություններ, բարձր են պահում մեր երկրի հեղինակությունը:

Առաջարկում ենք վերընթերցել ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվող «» շարքի` պրոֆեսոր Շեկոյանին նվիրված 2018 թվականի թողարկումը: