Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ. Գարո Արմենը հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների հետ

Երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ. Գարո Արմենը հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) հաջողության դպրոցի առաջին հյուրն էր «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, Աջենուս կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Գարո Արմենը: Ողջունելով նրան համալսարանում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հաջողության դպրոցը հարթակ է՝ ծանոթացնելու բուհի ուսանողներին աշխարհահռչակ բժիշկների հետ: Նրա խոսքով՝ Գարո Արմենը ոչ միայն հաջողված գործարար է, այլև խոշոր բարերար:

Անդրադառնալով քաղցկեղի բուժման ոլորտին՝ COAF հիմնադիրը նշեց, որ այն շատ արագ փոփոխվում է: «23 տարի առաջ ես սկսեցի իմ ճանապարհորդությունն այս ոլորտում: Քաղցկեղն ամեն հիվանդի մոտ իր ուրույն դրսևորում է ստանում», – պատմեց Գարո Արմենը: Իմունային համակարգի պայքարը քաղցկեղածին բջիջների դեմ նա համեմատեց թշնամու դեմ բանակի պայքարի հետ:

Ուսանողներից մեկի հարցին, թե որն է իր գլխավոր նպատակը, Գարո Արմենը պատասխանեց. «Իմ վերջնական նպատակը ձեր բոլորի վերջնական նպատակն է: Հայաստանն ունի 3-5 հազար տարվա պատմություն. այս ամբողջ ընթացքում մենք աչքի ենք ընկել շատ ոլորտներում: Մենք մի ազգ ենք, որն օժտված է հումանիզմի բարձր մակարդակով, որը մենք կարող ենք հաջողությամբ համադրել ինտելեկտուալ կարողությունների հետ: Լավագույն ներդրումը մենք կարող ենք անել մարդկանց մեջ, հատկապես՝ շրջաններում և գյուղերում, ոչ թե բիզնեսում: Մենք ունենք հրաշալի, տաղանդավոր մարդիկ, որոնք սփռված են ամբողջ Հայաստանով»: Ինչ վերաբերում է իր հաջողության բանալուն, COAF հիմնադիրը դեռ չի համարում իրեն հաջողակ, քանի որ չի հասել վերջնական նպատակին: «Իմ ժամանակավոր հաջողությունը կապված է անսպառ հավատի և երբեք չհանձնվելու հետ», – ընդգծեց Գարո Արմենը: Նա խորհուրդ տվեց ուսանողներին երազել և միշտ պահպանել բարձր չափանիշներ: Հանդիպման վերջում Գարո Արմենը խոստացավ, որ շատ շուտով կվերադառնա Հայաստան: