Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի հերթական հանդիպումը նվիրված էր ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին:
Միջոցառմանը ներկա էին բժշկագիտության տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Միխայիլ Աղաջանովի ընտանիքի անդամներն ու հարազատները:
«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի խոսքով` բժիշկների հետ հանդիպումների շարքը նպատակ ունի հասարակության շրջանում բարձրացնել և վերաարժևորել բժշկի կարևոր դերը: Նա պատմեց նաև, թե ինչպես է տարիներ առաջ ծանոթացել Միխայիլ Աղաջանովի հետ՝ բուհ ընդունվելիս՝ քննություն հանձնելու ժամանակ, և հմայվել է նրա կերպարով, անգամ հստակ հիշում է հանդիպման օրն ու տարեթիվը: Արմինե Թյությունջյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհի համար մեծ պատիվ է ունենալ նման դասախոսներ, ինչպիսին է պարոն Աղաջանովը:
Երեկոն պրոֆեսորը սկսեց իր ընտանիքի և արմատների մասին պատմելուց: Ընտանիքի բժշկական գիծը սկսում է Միխայիլ Աղաջանով ավագից, ով Թբիլիսիում մեծ համբավ էր վայելում: Նա համառոտ ներկայացրեց ընտանիքի անդամներին, անդրադարձավ մանկության և պատանեկության տարիների որոշ ուշագրավ դրվագների:
ՀՀ գիտության վաստակավոր գործիչը, խոսելով ընտանիքի և երջանկության մասին, շեշտեց, որ երջանկություն է այն, երբ երեխաներդ գերազանցում են քեզ, երբ դառնում են կայացած և իրենց գործում գիտակ մասնագետներ: Իր և կնոջ՝ մասնագիտությամբ մանկավարժ Նելլի Ահարոնովայի դեպքում հենց այդպես էլ եղել է:
Պրոֆեսորի կյանքում առանցքային դերակատարում ունի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, հետևաբար շատ պատմություններ և հիշողություններ նաև ներկա և նախկին գործընկերների, ուսուցիչների մասին էին: Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին՝ նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ բժիշկը լինի պարկեշտ, առաջնորդվի բարոյական սկզբունքներով, լինի ազնիվ մարդկանց հետ հաղորդակցվելիս:
Միխայիլ Աղաջանովը շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում պատասխանեց ներկաների ամենատարբեր հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մասնագիտական գործունեությանը, այնպես էլ կյանքին: Բժիշկ-գիտնականը իր երկարամյա գործունեությունը նվիրել է հարյուրավոր ապագա բժիշկների կրթելու գործին` շարունակելով պապի մարդասիրական առաքելությունը:
Հանդիպման ավարտին նա շնորհակալություն հայտնեց ներկայության համար, խոստովանեց, որ այս միջոցառման հրավերը ստանալիս ցանկացել է հրաժարվել, բայց այսօր առավել քան ուրախ է ընձեռված հնարավորության համար: Մեկ հանդիպումն, իհարկե, չի կարող ներկայացնել ողջ անցած ճանապարհը, սակայն այն հնարավորություն ընձեռեց խոսել կարևորի մասին, հիշել անցած ուղու ջերմ ու հետաքրքիր պահերը:
Կից ներկայացնում ենք նաև ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի Միխայիլ Աղաջանովին նվիրված թողարկումը: