Անցկացվեց «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները» թեմայով վարպետաց դաս:
Մայիսի 22-ին և 23-ին կայացած դասընթացին մասնակցում էին բժիշկ-համաճարակաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ, ստոմատոլոգներ, բուժքույրեր:
Երկօրյա վարպետաց դասի նպատակն էր ուսուցանել բուժաշխատողներին բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման ընթացակարգերը և դրանց որակի գնահատման գործընթացները, ինչպես նաև նշանակությունը բժշկական միջամտություներով պայմանավորված վարակների կանխարգելման գործում, տիրապետել բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներին:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ դասընթացի հիմքում գործնականում բժշկական նշանակության արտադրատեսակների կամ գործիքների մշակումը սովորեցնելն է, ինչը բուժքույրերի պրակտիկայում ամենակարևոր, բայց ամենացավոտ կետերից է։ «Մինչև 2015 թվականը մենք չունեինք գործիքների մշակման վերաբերյալ միասնական սանիտարական նորմ։ Միասնական մոտեցումը Հայաստանում ձևավորվեց 2015 թվականից հետո։ Այն հետագայում փոփոխության ենթարկվեց, 2022 թվականին վերահաստատվեց», – տեղեկացրեց մասնագետը։
Վարպետաց դասը կենտրոնանում է նաև ոչ բժշկական կազմակերպությունների վրա, որոնք ինվազիվ էսթետիկ միջամտություններ են կատարում։ «Դրանք կարող են լինել եղունգի մշակումները, տարբեր էսթետիկ ներարկումները, որոնք նույնպես պահանջում են ստերիլություն։ Եվ եթե բուժքույրը որոշակիորեն տեղեկացված է, կրթված է, ապա մյուս դաշտը բավականին բաց է։ Մեր թիրախը նաև այս դաշտի ներկայացուցիչներն են։ Սա պահանջում է շարունակական կրթություն, քանի որ ոչ ոք ապահավագրված չէ․ որտեղ կա մարդկային գործոն, այնտեղ միշտ կա սխալի հավանականություն», – հավաստիացրեց Մերի Տեր-Ստեփանյանը։ Նրա զեկույցները կրում էին «Բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանման և նախամանրէազերծման գործընթացները, նախամանրէազերծման որակի ստուգիչ փորձի կատարում, արդյունքների գնահատում», «Բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներ» և «Ախտահանման և մանրէազերծման որակի ներքին հսկողությունը ստացիոնար, առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում» խորագրերը։
Հաջորդ բանախոսը Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանն էր․ «Բժշկական նշանակության արտադրատեսակների դասակարգումը՝ ըստ վտանգավորության աստիճանի, բաղարկում, ապաբաղարկման մակարդակները» զեկույցի շրջանակում նա, առաջին հերթին, սահմանեց, թե ինչ է բժշկական նշանակության արտադրատեսակը, ապա անդրադարձավ «Բաղարկում» տերմինին։
«Բաղարկումը կոնտամինացիան է, այսինքն՝ վարակային, օրգանական կամ քիմիական ցանկացած գործոնի առկայությունը շրջակա միջավայրի իրերի մակերեսներին կամ բժշկական նշանակության արտադրատեսակների մակերեսներին, ինչպես նաև օրգանների հյուսվածքների խոռոչների վրա։ Հետևաբար տրամաբանորեն ապաբաղարկումը կլինի այդ մակերեսներից նշված գործոնների հեռացումը կամ ոչնչացումը», – նշեց մասնագետը։
Նա ներկայացրեց ապաբաղարկման երեք հիմնական նպատակները՝ պացիենտի անվտանգություն, բուժաշխատողի անվտանգություն և շրջակա միջավայրի փոխազդեցություն, մանրամասնորեն անդրադարձավ ապաբաղարկման հիմնական եղանակներին՝ մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում և մանրէազերծում՝ ուշադրություն հրավիրելով յուրաքանչյուր փուլի հիմնական էությանը, նշանակությանը, տեսակներին։
Նաիրա Մելքոնյանը խոսեց նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման գործընթացի, թույլատրելի մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մանրէազերծման գործընթացների, մանրէազերծման ֆիզիկական, քիմիական եղանակների, մանրէազերծման որակի հսկողության զգայորոշիչների կիրառման մասին։
Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, Հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը հանդես եկավ «Գրանցամատյանների վարում» զեկույցով։ Գրանցամատյանը, նրա փոխանցմամբ, իրավական փաստաթուղթ է։ «Նախատեսված է մի քանի գրանցամատյան․ դրանք պետք է լինեն համարակալված, կարված և կնքված», – շեշտեց նա։
Համալսարանական մասնագետը մանրամասնորեն ներկայացրեց գրանցամատյանների լրացման ճիշտ ձևը։
Կարինե Պողոսյանի հաջորդ զեկույցը վերաբերում էր բժշկական կազմակերպության շրջակա միջավայրի մակերեսների մաքրման և ախտահանման գործընթացին, մաքրող պարագաների կիրառմանը։
Դասընթացի մասնակիցները գործնականում իրականացրին բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման և նախամանրէազերծման գործընթացները, ստուգեցին թաքնված արյան հետքերի առկայությունը, այսինքն՝ նախամանրէազերծման որակը։
Քննարկվեցին հետաքրքիր դեպքեր, իրավիճակային խնդիրներ, որոնց լուծումն առաջարկեցին հենց իրենք՝ մասնակիցները։
Վարպետաց դասը կրեդիտավորված էր․ ավագ բուժանձնակազմին կտրվի 10, իսկ միջին բուժանձնակազմին` ՇՄԶ 5 գործնական կրեդիտ: