Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երվանդ Սահակյանը շուրջ 20 տարի կանգնած է ԵՊԲՀ միջազգայնացման ակունքներում

Բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Երվանդ Սահակյանին հոբելյանի առթիվ։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ արդեն շուրջ 20 տարի պրոռեկտորի պարտականությունները կատարող  Երվանդ Սահակյանը ողջ գործունեության ընթացքում ընդլայնել և շարունակում է ընդլայնել բուհի աշխարհագրությունը․ այսօր այն արդեն հատել է հասարակածը: Ի թիվս ավելի քան 30 երկրի՝ ԵՊԲՀ-ն արդեն ուսանող ունի նաև Սեյշելյան կղզիներից և Ավստրալիայից:

Երբեմնի վիրաբույժն ու դատական բժիշկը,  դասախոսն ու դեկանը չընդհատվող եռանդուն աշխատանքի և բազմաբնույթ կապերի շնորհիվ բոլորովին նոր մակարդակի բարձրացրեց 100-ամյա բժշկական դարբնոցի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։

Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով Երվանդ Սահակյանին, նշեց, որ տարիների ընթացքում յուրաքանչյուր մարդ կշեռքի երկու նժարի վրա դնում է իր ձեռքբերումներն ու երազանքները։ «Երվանդ Սահակյանն այսօր էլ մեծ ներուժ և բազմաթիվ նպատակներ ունի՝ աշխատելու ի նպաստ բժշկական բուհի», – ընդգծեց ռեկտորը։

Բազմավաստակ հոբելյարի հասցեին մեծարանքի խոսքեր հնչեցին նաև նրա դասախոսների և ուսանողների շուրթերից։ Ներկաները միաձայն վկայակոչեցին պրոռեկտորի մասնագիտական բարձր կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ընտանիքը։

Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը, որը դասավանդել է Երվանդ Սահակյանին, փաստեց, որ վերջինը բազմակողմանի զարգացած և շատ խելացի ուսանող էր։

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը բացահայտեց, որ շատ քչերը գիտեն, բայց պրոռեկտորը մեծ ներդրում է ունեցել Ռազմաբժշկական ֆակուլտետի կայացման և միջազգայնացման գործընթացում։

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանը, որը Երվանդ Սահակյանի ուսանողն է եղել, հպարտությամբ նշեց, որ արդեն 30 տարի ճանաչում է նրան և հենց նրա շնորհիվ իր մոտ առաջացավ դատական բժշկության հանդեպ հետաքրքրությունը։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նկատեց, որ պրոռեկտորն ամենօրյա աշխատանքում սթափ և ճիշտ կշռադատող անձնավորություն է, որը մշտապես պահպանել է սկզբունքայնությունը:

Ինքը՝ Երվանդ Սահակյանը, երախտիքի խոսքեր շռայլելով գործընկերներին,  անկեղծացավ, որ երբեք չի զլանում սովորել թե՛ ավագ, թե՛ կրտսեր գործընկերներից և  կշարունակի ամեն ինչ ներդնել համալսարանի զարգացման համար։