Այս տարի ԵՊԲՀ-ն ևս միացավ գլոբալ առողջապահական համայնքին՝ նշելու Եվրոպական իմունականխարգելման շաբաթ 2025-ը․ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կայացած միջոցառման շրջանակում ուսանողները համախմբվել էին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, կիսվելու գիտելիքով և ներշնչելու գործողություններ՝ ուղղված հանրային առողջապահության ամենամեծ նվաճումներից մեկին՝ պատվաստմանը։
Ապրիլի 24-30-ն անցկացվող համաշխարհային արշավի թեման՝ «Մարդկայնորեն հնարավոր», ընդգծում էր այն անհավատալի առաջընթացը, որին մարդկությունը պատվաստումների շնորհիվ հասել է հիվանդությունների կանխարգելման, համայնքների պաշտպանության և կյանքեր փրկելու գործում։
Ապագա բժիշկները ներկայացրին հետաքրքիր և արդիական ելույթներ։ Միջոցառումը ներառում էր մշակութային վառ հատված` արվեստը՝ բժշկական հայացքով, և վիկտորինա։ Ամենաազդեցիկ և ներշնչող ելույթով հանդես եկած ուսանողին շնորհվեց «Լավագույն բանախոս» կոչումը, միջոցառման ընթացքում ամենախորիմաստ, հետաքրքրաշարժ և արդիական հարցը հնչեցրած ուսանողն արժանացավ «Լավագույն հարց» մրցանակին, բացառիկ գիտելիքի, վերլուծական մտածողության և միջոցառման ողջ ընթացքում ակտիվ ներգրավվածության համար ճանաչվեց «Ամենախելացի ուսանող»-ը, առողջապահական ուղերձով ստեղծագործականության համար ընտրվեց «Լավագույն արվեստի աշխատանք»-ը՝ «Մարդկայնորեն հնարավոր» թեմայի ամենատպավորիչ աշխատանքի հեղինակը: Հաղթողները ստացան հատուկ մրցանակներ։
Բժշկական համալսարանը միջոցառման ընթացքում հյուրընկալեց նաև դպրոցականներին, որոնք հանդես եկան վակցինացիայի թեմայով հետաքրքիր բեմականացմամբ։