Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր Ալեքս Իսրաելյանը մասնակցել է մարսողական առողջության և ճարպակալմանն անդրադարձող կարևոր միջոցառման, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի շենքում։ «Կապելով կետերը. ճարպակալում, աղեստամոքսային հիվանդություններ և քաղցկեղներ» խորագրով հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, մարսողական առողջության հարցերով խորհրդարանական խմբի ղեկավար Ռոմանա Երկովիչի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցել են Եվրոպայի ԱՀԿ-ի (WHO Europe), ճարպակալման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASO) և Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիայի կազմակերպության (UEG) առաջատար մասնագետներ։ Նրանք ներկայացրել են այս հիվանդությունների տարածման աճի մասին համոզիչ տվյալներ՝ ընդգծելով բոլոր տարիքային խմբերի վրա դրանց ազդեցությունը։
Քննարկմանը ներգրավված էին քաղաքական գործիչներ, հանրային առողջապահության փորձագետներ, բուժառուների ներկայացուցիչներ և բժիշկներ, այդ թվում՝ եվրոպական խորհրդարանի հինգ պատգամավորներ։ Ալեքս Իսրաելյանը միակ կլինիկական օրդինատորն էր, ով մասնակցում էր միջոցառմանը։
Նա նշում է, որ բժշկագիտության և քաղաքականության խաչմերուկում հայտնվելը օգնել է խորացնել իր պատկերացումը հանրային առողջության և օրենսդրական նախաձեռնությունների կենսական դերի մասին՝ հատկապես հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման համատեքստում։
Զեկույցներում ընդգծվել է օրենքի ուժ ունեցող հրամանագրերի կիրառման անհրաժեշտությունը հանրային առողջության ոլորտում, ինչը շատ դեպքերում ավելի արդյունավետ է, քան ոչ պարտադիր խորհրդատվական մոտեցումները։ Դրա վառ օրինակն է Պորտուգալիայի՝ շաքարային ըմպելիքների հարկի ներդրումը, որն ունեցել է զգալի դրական ազդեցություն։
Օրը նշանավորվել է նաև Եվրոպական խորհրդարանի Մարսողական առողջության խմբի (MEP Digestive Health Group, MEP DHG) պաշտոնական վերամեկնարկմամբ, որը հետագայում հանդես կգա որպես մարսողական առողջության ոլորտի խնդիրները ներկայացնող ձայն Եվրոպայի օրենսդիր մարմնում։