2025-2026 ուսումնական տարվա ավարտը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նշանավորվեց շրջանավարտների մասնագիտական երդման արարողությամբ և Գիտական խորհրդի հանդիսավոր նիստով։
Այս տարի բժշկական կադրերի դարբնոցը ճանապարհում է 900 շրջանավարտի, որոնցից 206-ը` արտասահմանցի։
«Այսօր հիշարժան օր է բժշկական համալսարանում: Եվս մեկ սերունդ ավարտում է և հանդիսավոր նիստին պետք է երդման արարողությամբ դառնա բժիշկ: Մարդիկ, ովքեր կարողանում են և պարտավոր են, մարդիկ, որոնք ուղղակի պատասխանատու են: Դժվար վեց տարի, և, կարող եմ ասել, շատ դժվար պետական քննություններ: Դուք հաղթահարեցիք, ես դրանով հպարտանում եմ», – դիմելով Գիտական և Հոգաբարձուների խորհուրդների անդամներին, պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին` ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ամենակարևոր քննությունը թեստեր չէին, իրադարձություն չէ, դա կյանքում ամենամեծ և դժվար փորձությունն է, որը դուք տարիներ շարունակ պետք է պատվով կարողանաք հաղթահարել, դա գայթակղությունն է. գաղթակղությունը նյութապաշտության, փառասիրության, միգուցե և շատերի համար` ընկալման մեջ հաջողակ լինելու և դժվարությունների, տոկունության, խիզախության, նվիրվածության և անսահման մարդասիրության: Այս քննությունը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել», – նշեց բժշկական բուհի ռեկտորը` հավելելով, որ ակադեմիական ելույթի փոխարեն շրջանավարտների ներկայությունը, մթնոլորտը այնքան ոգևորիչ ու տրամադրող են, որ, տեսնելով երիտասարդությունը, գեղեցկությունը, ապագայի հեռանկարները, նա այլ, առավել անմիջական ոճով շնորհավորեց ևս մեկ հաղթանակի առիթով, որը տասնյակ տարիներ պետք է ամոքի, բուժի մարդկանց և կարեկցանքի հնարավորություն ստեղծի:
«Ցանկանում եմ, որ լինեք հաստատակամ ձեր գիտելիքի մեջ և երբեք չվարանեք այդ գիտելիքը հպարտությամբ ներկայացնելու հնարավորությունից: Դուք հերացիական եք, մի բուհ, որը 100 տարի շարունակ կարողացել է մեր ժողովրդին ամուր թիկունք լինել, կարողացել է մեր երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու, տարբեր ժողովուրդների, տարբեր իրավիճակում պատվով բժշկական օգնություն տրամադրել», – ամփոփելով նիստն` ասաց Արմեն Մուրադյանը` մեծապես կարևորելով ծնողների, դասախոսների դաստիարակությունն ու համատեղ աշխատանքը կարևոր այս շրջափուլի ամփոփման գործում:
Նա տեղեկացրեց ներկաներին, որ ուղիղ մեկ տարի անց մեր բուհը հյուրընկալելու է Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսը (Armenian Medical World Congress 2027), որն առանձնակի պատվաբեր և պատասխանատու միջոցառում է: Կոնգրեսը նվիրվելու է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանին: Համալսարանում այս խոսուն առիթը 2022 թվականին նշվեց «100 օր ժողովրդի կողքին» մեծ նախաձեռնությամբ` զերծ մնալով ավելորդ պաթոսից և տոնական միջոցառումներից:
Խորհրդանշական է, որ հաջորդ տարի 100-րդ սերունդը կավարտի բժշկական համալսարանը:
ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն, առաջին հերթին, որպես ծնող, սկսեց շնորհակալական խոսքից. «Շնորհակալություն «Հերացի» ավագ դպրոցի աշխատակիցներին, մեր քոլեջի աշխատակիցներին, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական ամբողջ անձնակազմին, որովհետև մեր երեխաներն այսօր հասել են այստեղ։ Հարգելի’ շրջանավարտներ, այսօրվանից սկսած` դուք այլ ճակատամարտ եք տանելու, ոչ թե միայն գրքերի հետ, այլ պատասխանատվություն եք կրելու պացիենտի կյանքի համար: Բարի գալուստ մեր բանակ»:
Հաջորդիվ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի ելույթից մեկնարկեց դեկանների խոսքը. «Եվս մեկ ուսումնական տարի, ևս մեկ բաժանում: Բժշկական համալսարանը դարձավ մասնագիտական կրթության վայրը, այն բարձագույն կետը, որտեղից դուք շարունակելու եք ճանապարհը դեպի բժշկություն: Բժշկությունն այն բացառիկ մասնագիտությունն է, որն առնչվում է մարդկային կյանքի հետ, ուստի դուք իրավունք չունեք ընկրկելու, հապաղելու, հանձնվելու, քանի որ դուք առաջինն եք, որ չեք տանելու պարտությունը, որովհետև դուք դեմ առ դեմ կանգնելու եք կյանքի ընտրության առջև: Ձեզ մաղթում եմ, որ լինեք բացառիկ ձեր մասնագիտության մեջ ու իրական ձեր ձգտումներում, անմնացորդ ձեր նվիրումներում և պատրաստակամ ձեր գործունեության մեջ: Այսօր ձեզ ասում եմ բարի ճանապարհ իմ խանդավառներ, իմ խենթ-խելառներ, իմ շրջանավարտներ: Շնորհավորում եմ ձեզ անուն առ անուն, սիրտ առ սիրտ, ձեզ բարի ճանապարհ դեպի մեծ կյանք:
«Սիրելի’ իմ շրջանավարտներ, հինգ տարի առաջ, ընդունվելով բժշկական համալսարան, դուք ունեիք երազանքներ, նպատակներ, և այսօր հեռանում եք բուհից բժշկի կարգավիճակով, ձեռք բերված գիտելիքով, ինչպես նաև այն արժեքներով, որոնք ձևավորվել են ձեր դասախոսների, ձեր ընկերների և պացիենտների հետ շփման արդյուքնում: Սիրելի’ ստոմատոլոգներ, չմոռանաք, որ դուք ընտրել եք մի մասնագիտություն, որն իր մեջ պարուրում է թե’ գիտությունը, թե’ առողջությունը, թե’ առողջապահությունը, թե’ արվեստը: Ձեր աշխատանքն արժևորվում է ոչ թե ձեր բուժած ատամների քանակով, այլ մարդուն վերադարձրած առողջությամբ, ինչպես նաև նրանց պարգևած արժանապատիվ ժպիտով և կյանքի որակի բարելավմամբ», – ասաց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը:
Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը նշեց. «Այսօր, հիրավի, տոնական օր է: Տոնական տրամադրությունը մեր սիրելի շրջանավարտների շնորհիվ է: Այո, նրանք, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, երկարուձիգ տարիներ, կարողացել են այսօր ավարտին հասցնել իրենց կյանքի կարևորագույն փուլերից մեկը` դառնալով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ: Ձեր ընտրած մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ. այն նվիրում է, ոչ միայն խորը մասնագիտական նվիրում, այլև մեծ պատասխանատվություն: Եվ ես համոզված եմ, որ դուք բարձր կպահեք մեր համալսարանի պատիվը, արժանիորեն կկարողանաք ձեռք բերել մեր ժողովրդի հարգանքն ու վստահությունը միայն նվիրումի և աշխատանքի շնորհիվ: Մաղթում եմ ձեզ լուսավոր և արժանապատիվ ապագա»:
«Այսօր դուք ամփոփում եք ձեր ուսումնառության կարևոր և պատասխանատու փուլը: Շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալի իրադարձության առթիվ: Ռազմական բժշկի մասնագիտությունը բացառիկ պատասխանատվություն է, այն միավորում է բժշկի մասնագիտական գերազանցությունն ու սպայի անմնացորդ նվիրումը: Ձեր ընտրած ուղին պահանջում է ինչպես բարձրակարգ գիտելիք, այնպես էլ անշեղ հավատարմություն մարդկային արժեքներին: Դուք արդեն պատրաստ եք ծառայելու ինչպես խաղաղ, այնպես էլ մարտական պայմաններում` մասնագիտական առումով զինված: Մաղթում եմ ձեզ անսպառ կամք և հաստատակամություն: Թող ձեր ծառայությունն ընթանա ռազմական բժշկի վեհ կոչմանն արժանի կերպով` ի փառս մեր պետության և ժողովրդի», – ընդգծեց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը շնորհավորեց բուհի օտարերկրացի շրջանավարտներին, որոնք մեր երկիր են ժամանել աշխարհի 20 երկրից. «Այսօր դուք տոնում եք ձեր արժանի հաղթանակը: Ուսումնառության ընթացքում դուք բազմաթիվ անքուն գիշերներ եք անցկացրել, դուք հեռու եք եղել տնից, հայրենիքից, բայց երբեք չեք դավաճանել ձեր երազանքին: Եվ այսօր դուք վերջապես բժիշկներ եք, յուրահատուկ մասնագետներ, որոնք, բացի մասնագիտական գործունեությունից, կլինեն բարեհոգի պացիենտի նկատմամբ: Խիզա’խ եղեք ցանկացած մարտահրավերի առաջ, հիշե’ք, յուրաքանչյուրը, ով սատարել է ձեզ այս երկարատև ճանապարհորդության ընթացքում, ձեզ հույս կներշնչի: Մենք անասելիորեն հպարտ ենք ձեզնով: Թող ձեր սպիտակ խալաթը մշտապես լինի առողջության և հույսի խորհրդանիշ»:
Բժշկի բարձր կոչումը ստանալու առիթով շնորհավորական խոսք հղելու հնարավորությունն այս տարի տրվել էր անվանի բժիշկ–գիտնական, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արթուր Մկրտչի Գրաբսկուն:
«Մեր համալսարանի 99-րդ շրջանավարտների սերունդն է ճանապարհվում դեպի բժշկություն: Ինձ համար այս օրը նաև խորապես անձնական է: Ուղիղ 30 տարի առաջ ես կանգնած էի որպես մեր համալսարանի 69-րդ շրջանավարտ, և այդ օրն ինձ էր վստահվել մեծ պատիվ` հնչեցնել Հիպոկրատի երդումը: Այդ ժամանակ ես երիտասարդ բժիշկ էի` գիտելիքով, հավատով, սպասումներով, բայց դեռ չգիտեի` ինչ է նշանակում իրական բժշկի անունը կրելը: 30 տարվա ճանապարհից հետո կարող եմ ասել մի պարզ բան. բժիշկ չեն դառնում դիպլոմը ստանալու օրը, բժիշկ դառնում են դրանից հետո հաջորդող ամեն օր` պացիենտի կողքին, դժվար որոշումների պահին, սեփական սխալներից դասեր քաղելով և ամեն անգամ մեկ ուրիշ մարդու կյանքի ու առողջության հանդեպ պատասխանատվություն վերցնելով: Տարիներ անց ես հատուկ մեկնել եմ Հիպոկրատի հայրենիք, ուզում էի կանգնել այն հին սոսու տակ, որի ստվերում նա սովորեցրել և զրուցել է իր աշակերտների հետ: Այդ վայրում հասկացա հստակ, թե ինչքան ժամանակը հեռավորություն ունի: Փոխվել է աշխարհը, փոխվել է բժշկությունը, այսօր մենք օգտագործում ենք ռոբոտիկ համակարգեր, գենետիկ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, տեսնում և բուժում ենք այն, ինչ նախորդ սերունդների համար անհնար էր անել, սակայն մի բան չի փոխվում. մարդը բժշկին շարունակում է վստահել ամենաթանկը` կյանքն ու առողջությունը, և այդ վստահությունն է մեր մասնագիտության իրական հիմքը», – տպավորիչ ելույթում ասաց Արթուր Գրաբսկին` հորդորելով շրջանավարտներին երբեք չդադարել սովորել:
«Վտանգավոր չէ չիմանալը, վտանգավոր է կարծել, թե ամեն ինչ գիտես, երբեք մի’ կորցրեք մարդուն: Հիվանդության հետևում, հետազոտությունների թվերի, պատկերների հետևում միշտ կա մարդ` իր վախով, հույսով և վստահությամբ: Երբեք մի’ գնացեք ձեր խղճի դեմ», – շեշտեց երեկոյի հյուրը` ավելացնելով, որ տասնամյակներ անց ամենակարևոր հարցը լինելու է այն, թե արդյոք կարողանալու են ավարտողներն արժանապատվորեն հետ նայել անցած ճանապարհին:
Հուլիսի 8-ը լի էր հուզիչ ակնթարթներով, խորհրդանշական արարողությամբ, սրտաբուխ խոսքերով, երաժշտությամբ ու պարով: