«Հերացի» համալսարանական հիվանդանոցի դահլիճում անցկացվեց «Հեռաբժշկություն. միջազգային փորձը և հեռանկարները Հայաստանում» խորագրով դասախոսություն, որը վարեց ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը:
Բժիշկ Օհանեսյանը Télémédecine 360 (TLM360)-ի համահիմնադիրն ու բժշկական տնօրենն է, Ֆրանսիայի հեռաբժշկության միության խորհրդի անդամ է, ինչպես նաև անդամակացում է հեռաբժշկության մի շարք այլ մասնագիտական միավորումների:
Հեռաբժշկությունը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հեռավորության վրա բժշկական ծառայությունների մատուցումն է: Հեռակապի շնորհիվ բժշկական ծառայությունների մատուցումը հասանելի է դառնում անգամ հեռավոր համայնքներում: Հեռաբժշկությունը հնարավորություն է ընձեռում բարելավել առողջապահական ծառայությունների որակը, նվազեցնել բժշկական ծախսերը, սխալների հնարավորությունը և մեծացնել առողջապահական համակարգի արդյունավետությունը` ժամանակակից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ:
Մասնագետը խոսեց հեռաբժշկության առանձնահատկությունների, ոլորտի օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև մեր երկրում այս ծառայության կիրառելիության մասին:
Պատասխանելով մասնակիցների հարցերին, Ռոբին Օհանեսյանի ուշադրությունից չվրիպեց նաև Հայաստանում հեռաբժշկության ապագայի թեման: