Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գեղեցիկ ժպիտի հիմքում առողջ և ամուր ատամներն են. Ստոմատոլոգների միջազգային օրն է

Գեղեցիկ ժպիտի հիմքում առողջ և ամուր ատամներն են. Ստոմատոլոգների միջազգային օրն է

Փետրվարի 9-ին նշվում է ստոմատոլոգի միջազգային օրը: Այն մասնագիտական տոն է հանդիսանում ինչպես ստոմատոլոգների, այնպես էլ ստոմատոլոգիական կլինիկաների անձնակազմի, պրոֆիլային բժշկական ուսումնական հաստատությունների դասախոսների և ստոմատոլոգի մասնագիտությունն ընտրած ուսանողների և շրջանավարտների համար։

Տոնին նվիրված անցկացվում են մասնագիտական հանդիպումներ, գիտաժողովներ և միջոցառումներ, որոնք  նպաստում են ստոմատոլոգիական ոլորտի զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին փետրվարի 9-ը նշում է որպես Սուրբ Ապոլլոնիայի հիշատակի օր: Ըստ ավանդության՝ նա համարվում է ատամնացավից տառապողների հովանավորը։ Այդ իսկ պատճառով, որոշ երկրներում այս օրը հայտնի է նաև որպես «Ատամնացավի օր» (Toothache Day)։

Ստոմատոլոգիան բժշկության առավել պահանջված ոլորտներից է, ինչը պայմանավորված է բերանի խոռոչի հիվանդությունների լայն տարածվածությամբ։ Որպես բժշկական մասնագիտություն՝ այն ունի ավելի քան 9000 տարվա պատմություն։ Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ զբաղվել են ատամների բուժմամբ: Հնագետները Պակիստանում հայտնաբերել են ատամներ, որոնց վրա հորատման հետքեր են եղել՝ վկայելով հին ժամանակների «ստոմատոլոգների» բարձր մասնագիտական հմտությունների մասին։

Միջնադարում ստոմատոլոգիայի զարգացման մեջ նշանակալի ներդրում է ունեցել Ավիցեննայի «Բժշկության կանոն» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված էին ատամների բուժման և բերանի խոռոչի խնամքի մեթոդները։ Սակայն ստոմատոլոգիայի իրական գիտական զարգացումը սկսվեց 18-րդ դարում՝ ֆրանսիացի բժիշկ Պիեռ Ֆոշարի շնորհիվ, որը համարվում է ժամանակակից ստոմատոլոգիայի հիմնադիրը։ 1728 թվականին նա հրատարակեց «Վիրաբուժության և ատամների բուժման ուղեցույց» աշխատությունը, որտեղ համակարգեց ատամնաբուժության գիտական և գործնական հիմքերը։ Նրա մշակած մեթոդները զգալի ներդրում են  ունեցել ատամների բուժման և պրոթեզավորման զարգացման գործում:

Ժամանակակից ստոմատոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ գիտական ձեռքբերումներն ու տեխնոլոգիական նորարարությունները զգալի ազդեցություն են թողնում բերանի խոռոչի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման որակի վրա։ Բարձր տեխնոլոգիաների ինտեգրումը ոչ միայն բարձրացնում է ստոմատոլոգիական միջամտությունների արդյունավետությունը, այլև դարձնում է դրանք առավել մատչելի, հարմարավետ և անվտանգ։

Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների լայն կիրառման շնորհիվ ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել։ Արհեստական բանականությունը կիրառվում է ռենտգենյան պատկերների վերլուծության և բուժման պլանավորման մեջ՝ բարձրացնելով ախտորոշման ճշգրտությունն ու անհատականացված մոտեցումը։ 3D տպագրությունը հեղափոխություն է կատարել ատամնային պրոթեզների, պսակների և այլ օրթոպեդիկ կոնստրուկցիաների արտադրության մեջ՝ ապահովելով գերազանց ճշգրտություն և էսթետիկ տեսք։ Բջջային հավելվածները լայնորեն օգտագործվում են բերանի խոռոչի հիգիենայի ուսուցման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և համաճարակաբանական տվյալների հավաքագրման համար։

Բացի այդ, նվազագույն ինվազիվ բուժման մեթոդների զարգացումը թույլ է տալիս պահպանել ատամի առողջ հյուսվածքները, նվազեցնել վերականգնման ժամանակը և բարձրացնել հիվանդի հարմարավետությունը։ Նյութագիտության առաջընթացը հանգեցրել է նոր բիոհամատեղելի նյութերի ստեղծմանը, որոնք նվազեցնում են ալերգիկ ռեակցիաների և մերժման ռիսկերը։ Վերջապես, ստոմատոլոգիական սարքավորումների կատարելագործումը, ներառյալ լազերները, թվային սկաներները և CAD/CAM համակարգերը, զգալիորեն բարձրացնում է միջամտությունների ճշգրտությունը, նվազեցնում բուժման տևողությունը և բարելավում արդյունքները։

Հայաստանում ստոմատոլոգիան զարգանում է միջազգային չափանիշներին համահունչ։ Մշտապես ներդրվում են բուժման նորագույն տեխնոլոգիաներ, կիրառվում են ժամանակակից թվային և լազերային համակարգեր, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ: Այս գործոնները նպաստում են Հայաստանի ճանաչմանը որպես ստոմատոլոգիական ծառայությունների զբոսաշրջության հուսալի ուղղություն։

2022թ-ին ՀՀ պետական և մասնավոր բժշկական ուսումնական կազմակերպությունների շրջանավարտների թիվը կազմում էր 354, որոնցից 179-ը ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներն էին։ 2023թ-ին Հանրապետությունում գրանցված էին 1160 ստոմատոլոգիական պրոֆիլի բժիշկներ (ընտանեկան ստոմատոլոգներ, թերապևտ ստոմատոլոգներ, վիրաբույժ ստոմատոլոգներ, օրթոդոնտ ստոմատոլոգներ և օրթոպեդ ստոմատոլոգներ), որոնցից անմիջական ստոմատոլոգիական օգնություն էին ցուցաբերում 507` 477-ը ԱԱՊ, 30` հիվանդանոցային։  Գրանցված մանկական ստոմատոլոգիական պրոֆիլի բժիշկների թիվը կազմում էր 94, որոնցից անմիջական ստոմատոլոգիական օգնություն էին ցուցաբերում 60-ը (53-ը ԱԱՊ, 7` հիվանդանոցային)։

Սրտանց շնորհավորում ենք բժշկագիտության այս ճյուղի բոլոր ներկայացուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում՝ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: