ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հայրապետյանը Վարշավայի 14-րդ միջազգային բժշկական (“14th Warsaw International Medical Congress”) գիտաժողովի մասնակիցներից էր: Վարշավայում կայացած գիտաժողովի ընթացքում Լիանան հանդես եկավ երկու զեկույցով։
Առաջին աշխատանքը նվիրված էր առնետների ճարպային փոխանակությանը և վարքագծային փոփոխությունների ուսումնասիրությանը, որն իրականացվել էր ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում։ Աշխատանքը Լիանան ներկայացրեց «Տեսական և նախակլինիկական գիտություն» (“Basic and Preclinical Science”) բաժնում և այդ զեկույցի համար պարգևատրվեց Honorable Mention հավաստագրով: Երկրորդ զեկույցը նվիրված էր Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտում կատարված հետազոտությանը, որը ներկայացվեց Հյուսվածքային ինժեներիայի ոլորտում:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել նաև գործնական և գիտական հմտությունների զարգացմանը նվիրված ուորքշոփերին և հանրային զեկույցներին, որոնցից մեկը ներկայացնում էր 2012 թ. քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Լեֆկովիտցը: