Երեքշաբթին ԵՊԲՀ-ում գիտական էր։ Հոկտեմբերի 30-ին 6-րդ լսարանում Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից` Բրիտանական կենսաբանների ընկերության (the Company of Biologists) աջակցությամբ կազմակերպվել էր համաժողով` «Բացահայտելով հիվանդության մեխանիզմները» խորագրով։
Իրենց դասախոսություններով հանդես եկան Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտեմ Սերգեյի Գրիգորյանը, որը մանրամասն ներկայացրեց նեյրոդոգեներատիվ հիվանդությունների զարգացման ընդհանուր օրինաչափություններն ու մեխանիզմները, «Քնի և շարժողական խանգարումների» կլինիկայի ղեկավար և նյարդաբան Սամսոն Գաբրիելի Խաչատրյանը, ով խոսեց քնի հիվանդությունների առավել տարածված տիպերի մասին։
Դահլիճը լեփ-լեցուն էր, դասախոսություններն անցան ուսանողների հետ բազում քննարկումներով, որոնք շարունակվում էին նույնիսկ միջոցառման ավարտից հետո։