Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի արդեն ավանդույթ դարձած հանդիպումը երիտասարդների հետ: Պրոռեկտորը ներկայացրեց համալսարանի որդեգրած քաղաքականությունը գիտահետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման և նրանց աշխատանքների խրախուսման ուղղությամբ` հատուկ շեշտելով ազդեցության գործոնով ամսագրերում տպագրության կարևորությունը, դրա դերը պաշտպանությունների և դասախոսի կարգավիճակի փոփոխման դեպքում, ինչպես նաև ազդեցության գործոնով ամսագրերում տպագրության խրախուսման համակարգի ներդրումը։
Հանդիպման ընթացքում Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանը երիտասարդներին ներկայացրեց վերածնված կառույցի նպատակը և կիսամյակի ընթացքում նախատեսվող աշխատանքները:
Հայտնաբերել և համախմբել էնտուզիազմով և գիտության հանդեպ սեր ունեցող երիտասարդներին, ինչպես նաև աշխատանքներ տանել երիտասարդների շրջանում գիտական գրագրության բարձրացման ուղղությամբ. սա է լինելու կառույցի հիմնական առաքելություններից մեկը։
Հանդիպման ավարտին երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել պրոռեկտորին և բարձրաձայնել իրենց առջև ծառացած խնդիրները և առաջարկները։ Պրոռեկտորը կոչ արեց երիտասարդներին ավելի նախաձեռնող լինել, ակտիվորեն մասնակցել Երիտասարդ հետազոտողների միության աշխատանքներին և առաջարկներ ներկայացնել ոչ միայն նման հանդիպումների ընթացքում, այլ նաև առօրյա աշխատանքային գործընթացում։