ԵՊԲՀ հետազոտական գործունեությանը նոր շունչ հաղորդելու և համալսարանի հնարավորությունների շրջանակն ընդլայնելու նպատակով բուհի գիտական մասը Horizon 2020- Twinning ծրագրի ԵՊԲՀ հայտադիմումի նախապատրաստման ուղղությամբ այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Հայաստանում արդեն երկար տարիներ գործող Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցությունը (GIZ) և EU-SMEDA-ն Գիտական ծրագրերի աջակցման (SPIAC) կենտրոնի հետ համատեղ Հայաստան են հրավիրել «Հորիզոն 20-20» ծրագրի փորձագետ Սանդեր վոն դեր Մոլենին, ով սիրով համաձայնել է աջակցել սահմանափակ թվով կազմակերպությունների` Twinning ծրագրի հայտադիմումների կազմման ու ներկայացման ընթացքում:
ԵՊԲՀ կարողությունների և ռեսուրսների ընդհանուր նկարագիրն ու ԵՊԲՀ-ում նեյրոգիտության զարգացմանն ուղղված նախապատրաստվող ծրագրի կարճ բնութագիրը արժանացել են փորձագետի գնահատակին և այժմ աշխատանքային և գիտական խմբերը մասնակցում են Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության գրասենյակում փորձագետի հետ կազմակերպվող ներածական հանդիպումներին:
Աշխատանքներում ներգրավված փորձագետը նախագծերի կազմման, հայտադիմումների լրացման եւ ներկայացման փորձառու մասնագետ է: Սակայն հարկ ենք համարում նշել, որ նա Եվրոպական Միության կողմից հավաստագրված չէ ծրագիրը գնահատելու համար: Այս ընտրությունը վերաբերում է միայն աջակցություն տրամադրելու գործընթացին: