ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:
«Հերացի» հիվանդանոցային համալիրում 2017 թվականին ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 8403 քաղաքացի, իսկ «Մուրացան»-ում՝ 10888: Պրոռեկտորի խոսքով՝ վերջին վեց տարում երկու հիվանդանոցում էլ աճել է ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը՝ շուրջ 6700-ով: Սա պայմանավորված է հատկապես անհետաձգելի բուժօգնության ծառայությունների առավել ծանրաբեռնված աշխատանքով և բարձր դիմելիությամբ: Երկու բուժհաստատությունում էլ նվազել են մահվան դեպքերը:
Արմեն Մինասյանն ընդգծեց, որ կատարված և շարունակվող բոլոր աշխատանքների հիմքում առաջին հերթին պացիենտների բուժման որակի բարձրացումն է: Իրականացվող աշխատանքները բխել են բուհի զարգացման ծրագրից: Ինչպես նախորդ տարում, այնպես էլ ընթացիկ ժամանակահատվածում և առաջիկայում օրակարգային են նոր ծառայությունների ներդրման, անբարեկարգ տարածքների վերանորոգման, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումների ձեռքբերման հարցերը:
2017թ. մի շարք նոր ծառայություններ են ներդրվել, մասնավորապես՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցը համալրվել է Ուրոլոգիական կլինիկայով, բացվել է նաև Արյունաբանական կետ: Երևանի կենտրոնում արյունաբանական նոր ծառայության ստեղծումը ևս անհրաժեշտություն էր, քանի որ այն պայմանավորված էր արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման անհրաժեշտությամբ: Մեկ տարում հավաքագրվել է ավելի քան 600 դոնոր, որից ավելի քան 200-ը՝ ԵՊԲՀ ուսանողներն են: Առաջիկայում աշխատանքներն են իրականացվելու դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ: Նախորդ տարի բացվել է նաև «Մուրացան» հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի վերանորոգված մասնաշենքը:
Հիվանդանոցների գործունեությունից չեն վրիպել նաև մարզային այցելությունները, որոնց շրջանակում երկու հիվանդանոցի բուժաշխատողների կողմից անվճար մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել հազարավոր քաղաքացիների:
Հիվանդանոցային աշխատանքների առանցքում է նաև ապահովագրական ծառայության ներդնումը և զարգացումը: Արմեն Մինասյանը որպես հաջողված օրինակ մատնանշեց ԵՊԲՀ աշխատակիցների համար ապահովագրական քարտերի տրամադրման ծրագիրը:
Հաջողությունների թվում էր նաև այս տարվա հունվարին բացված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը եզակի է տարածաշրջանում:
Անցած տարում իրականացվել է նաև կլինիկական օրդինատորների խրախուսման ծրագիր: Բուհի ղեկավարությունն այս կերպ նպատակ ունի խրախուսել այն սովորողներին, ովքեր ուսմանը զուգահեռ նաև ակտիվ կլինիկական գործունեություն են իրականացնում, հերթապահում են բաժանմունքներում:
Պրոռեկտորը տեղեկացրեց, որ հետագա ծրագրերի թվում է պալիատիվ բուժօգնության, ինչպես նաև հեռաբժշկության բաժանմունքների ստեղծումը:
Գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանն էլ զեկուցեց համալսարանական հիվանդանոցների ֆինանասական գործունեության վերլուծության արդյունքների մասին:
Ամփոփելով համալսարանական հիվանդանոցների գործունեության հաշվետվությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր շնորհիվ համակարգված աշխատանքի համալսարանական երկու հիվանդանոցները, ինչպես նաև արդեն մի քանի ամիս ԵՊԲՀ-ի կազմում գործող Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը լրջագույն դերակատարում ունեն մայրաքաղաքի առողջապահական համակարգում: Նրա գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որի արդյունքներն արդեն տեսանելի են:
Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր: Հաստատվեցին Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի կողմից ներկայացված կանոնակարգերի փոփոխությունները: ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը Գիտական խորհրդի ուշադրությանը ներկայացրեց բուհի Հոգաբարձուների խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում էր ռեկտորի կրթաթոշակ սահմանելու և այդ կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ բուժհաստատությունների կառավարման վերապատրաստման դասընթացի կրթական ծրագրին և պլանին, որը ևս հաստատվեց խորհրդի անդամների կողմից: Գիտական խորհրդի նիստում հաստատվեց նաև ուսումնական գրականության հերթական ցանկը, անցկացվեց գիտական կոչումների շնորհման և ամբիոնների վարիչների, պրոֆեսոների պաշտոնների ընտրության մրցույթ:
Գիտական խորհրդի նիստի ընթացքում ԵՊԲՀ ռեկտորը խորհրդի անդամների անունից շնորհավորեց նաև ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանին Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալին արժանանալու առթիվ: