Պաշտոնական այցով Լեհաստանի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ է այցելել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
Առաջին այցը Նենսկիի փորձարարական կենսաբանության ինստիտուտն էր:
Պրոֆեսորը ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ագնիեսկա Դոբրժինի հետ շրջեց Արևմտյան Եվրոպայի լավագույն գիտահետազոտական կենտրոններից մեկում, ծանոթացավ լաբորատորիաների և կենդանանոցների հնարավորություններին, ինստիտուտում իրականացվող գիտական թեմաներին:
Քննարկվեցին ԵՊԲՀ-ում օպոսիում տեսակի կենդանիներ պահելու հնարավորությունները և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով Նենսկիի համալսարանի աշխատակիցները կաջակցեն այդ ուղղության զարգացմանը: Ի դեպ նշենք, որ այս ինստիտուտը տարածաշրջանում եզակի լաբորատերիաներից է, որ պահում և բազմացնում է այս կենդանիներին:
Բացի այդ ուրվագծվեց Նեյրոգիտության շրջանակներում մի նոր գիտական նախագծի իրականացման հնարավարությունը, որը կիրականացվի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում:
Պրոռեկտորը մասնակցեց նաև ինստիտուտի 100-ամյակի շրջանակներում անցկացվող ասպիրանտների 3-րդ միջազգային գիտաժողովին` ողջույնի խոսք հղելով երիտասարդներին:
Ձեռք բերված համագործակցության շրջանակում ԵՊԲՀ լավագույն ասպիրանտները կկարողանան կարճաժամկետ ծրագրերով այցելել Նենսկիի ինստիտուտ` անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Հանդիպումներն ավարտվեցին պայմանավորվածությամբ, որ հաջորդ քննարկումը կլինի Լեհաստանի գիտությունների ակադեմիայում մյուս բժշկակենսաբանական բոլոր ինստիտուտների տնօրենների և ակադեմիայի նախագահի մասնակցությամբ:
Նենսկիի համալսարան այցով դեպի Վարշավա գործուղումը չսահմանափակվեց: Լեհաստան պաշտոնական այցի շրջանակում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը եղել է նաև Վարշավայի մոլեկուլյար և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտում (IIMCB in Warsaw), որտեղ Լեհաստանի առաջադեմ գիտնական, ինստիտուտի փոխտնօրեն Յասեք Յավորսկին մանրակրիտ ծանոթացրեց ինստիտուտի ստեղծման բացառիկ պատմությանը և գործունեությանը: Պրոֆեսոր Յավորսկու ուղեկցությամբ պրոռեկտորը շրջայց կատարեց բոլոր լաբորատորիաներով, որտեղ աշխատակիցները հանդես եկան նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հնարավորությունները և հիմնական ձեռքբերումները: Այցի ընթացքում պրոռեկտորը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալ զեբրաձկան Եվրոպայի խոշորագույն պահպանման և բազմացման միջավայրերից մեկի հետ: Օրվա երկրորդ կեսին պրոֆեսոր Ենկոյանը այցելեց Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիզինսկու համալսարանի Կենսաբանության և միջավայրային գիտության ֆակուլտետ, որտեղ ծանոթացավ ուսումնագիտական լաբորատորիայի գործունեության հետ և թե ինչպես են ուսանողները ներգրված հետազոտական աշխատանքներում` մանրամասն ուսումնասիրելով կրթության և գիտություն կամրջումը: Այսպիսով, այցն ամփոփելիս, արձանագրենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԵՊԲՀ-ի և այցելած ինստիտուտների միջև հետագա հստակ համագործակցության համար:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներ Ռուզաննա Ջավադյանին և Կրիս Տուրլեյսկուն պրոռեկտորի այցի և ջերմ ընդունելության համար: