Միջազգային գործունեությունից մինչև AMWC2027․ Գիտական խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստը

Միջազգային գործունեությունից մինչև AMWC2027․ Գիտական խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստը

Գիտական խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստին ԵՊԲՀ միջազգային գործունեության հաշվետվության, վերլուծության և հեռանկարների մասին զեկուցեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։

«Ձեզ ներկայացվող զեկուցման մեջ կատարված աշխատանքի հետ միասին կներկայացնենք նաև բարձրագույն կրթության դաշտում կրթական հարցերով զբաղվող կառույցների, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Բժշկական կրթության միջազգային ֆեդերացիայի և այլ միջազգային կենտրոնների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առաջիկա տասը տարիների կանխատեսումները և առաջարկվող այն գործիքակազմերը, որոնցով համալսարանները կարող են միջազգային կրթական շուկայում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասաց պրոռեկտորը՝ հավելելով, որ նման ուսումնասիրությունները նպաստում են կրթական ծրագրերի անխուսափելի փոփոխություններին և զարգացմանը, միջազգային ուսանողների քանակական աճի տեմպերին և նրանց փոփոխվող ուղղություններին, այդ գործընթացներում օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

Լայն է ԵՊԲՀ-ում սովորող արտասահմանցի ուսանողների աշխարհագրությունը․ 34 երկիր։

Պրոռեկտորն անդրադարձավ ուսանողների դինամիկային վերջին 10 ուսումնական տարիներին՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի դրությամբ։ Եթե 2015-2016 թվականներին ԵՊԲՀ-ում սովորում էր 1486 օտարերկրացի ապագա բժիշկ, ապա 2025-2026 ուս. տարում փետրվարի դրությամբ նրանց թիվը 1921 է։

Նրա գնահատմամբ՝ Միջազգային կրթական շուկայում մրցակցության որոշիչ գործոններից մեկը բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) չափորոշիչներով հավատարմագրումն է։

Երվանդ Սահակյանը հանգամանալից խոսեց նաև ըստ երկրների կրթության ընդհանուր ծախսերի համեմատության, առաջիկա 10 տարվա ընթացքում ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների փոփոխության կանխատեսումների մասին, անդրադարձ կատարվեց նաև 2025-2026 թթ․ ակադեմիական շարժունությանը, գիտաժողովներին, միջազգային ծրագրերի և ուղիղ համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքներին։

Նիստի հիմնական զեկուցողին հարցեր հղեցին պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, օտարերկրացիների ընդունելության վերաբերյալ կարծիք հայտնեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Իհարկե, այս հարցը անցյալ տարի մտահոգություն առաջացրեց, բայց կարծես այս տարի ամբողջովին սպառված է։ Փոխվում է արտասահմանցի ուսանողների դինամիկան։ Կհիշեցնեմ՝ այս տարի գրանցվել է աննախադեպ մրցույթ, բժշկական համալսարանը առաջինն է հանրապետությունում դիմելությամբ, այդ թվում՝ արտասահմանցիների դիմելությամբ՝ մեկ տեղի վրա չորս դիմորդ, որը երբևէ չի եղել մեզ մոտ, այս հանգամանքն ունի և ներքին, և արտաքին պատճառներ»,- մանրամասնեց բժշկական բուհի ղեկավարը՝ հավելելով, որ փաստացի սա նաև կրթական ծրագրերում բարեփոխումների արդյունք է։

«Հավատարմագրումները, հարթակների բարելավումը, ծրագրերի արդիականացումը արդյունք տվեցին և մի շարք այլ ազդակներ, որ բերեցին աննախադեպ մրցակցության, այս տարի այլ բուհերից տեղափոխումների թիվը եղել է 0»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Ստոմատոլոգիա և Ֆարմացիա կրթական ծրագրերը ևս միջազգային ծրագրային հավատարմագրում են անցնում։

Նա արձագանքեց, որ փաստացի, այսուհետև բժշկական համալսարան կարող են տեղափոխվել միայն հավատարմագրված բուհերից։

«Թափուր տեղեր» հասկացությունը միայն ընդունելությանն է վերաբերում, ոչ թե ակադեմիական առաջադիմության և կարգապահության ցուցանիշներին։ ԵՊԲՀ-ում այս տարի «Թափուր տեղեր» չկան, ինչպես և հայտարարվել էր ընդունելության ցուցանիշները հրապարակելիս։

Օրակարգի համաձայն՝ Գիտական խորհուրդը հաստատեց նաև ԵՊԲՀ անվանական կրթաթոշակի հավակնող ուսանողների թեկնածությունները։

Դիմելով 2026-2027 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակառուներին՝Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ սա բարձր կարգավիճակ է, յուրաքանչյուրն իր առաջադիմության, կարգապահությամբ համալսարանական կյանքում ունի առանձնահատուկ նշանակություն։ Նա վստահություն հայտնեց, որ այսօրվա անվանական կրթաթոշակառուներին մենք հետագայում կտեսնենք առողջապահության դաշտում։

Ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին դասախոսներին, դեկաններին ընձեռված հնարավորության և մասնագիտական փորձը շարունակաբար փոխանցելու համար՝ դիտարկելով նոր կրթական կարգավիճակը որպես մեծ պատասխանատվություն, հպարտություն։

Հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2026-2027 ուս. տարում երկու սովորողի ուսման վճարի փոխհատուցման հարցը ներկայացրեց ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը։

Գիտական խորհրդի 2026-2027 ուսումնական տարվա աշխատանքային պլանի հաստատման հարցը զեկուցեց Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը։

Արձագանքելով նախանշված աշխատանքների մասին հարցին՝ Արմեն Մուրադյանը, ով գալիք տարվա հուլիսին Երևանում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի (AMWC2027) նախագահն է, տեղեկացրեց ներկաներին, որ կայանալիք միջոցառումը նվիրվելու է ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին։

Նա նշեց, որ 2022 թվականին համալսարանի մեկդարյա հոբելյանի շրջանակում առանց ավելորդ տոնակատարությունների կյանքի կոչվեց «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը՝ 100-օրյա անվճար հետազոտությունների և խորհրդատվությունների նախաձեռնությունը՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը՝ ծառայելով ժողովրդին։

«Այնուամենայնիվ, պետական բժշկական համալսարանը ընտրվեց որպես 2027 թվականին կայանալիք կոնգրեսի հիմնական կազմակերպիչ, և ես խոստացա, որ բարձր մակարդակով կանցկացնենք այս կոնգրեսը, և այն կնվիրվի համալսարանի 100-ամյակին՝ հնարավորություն ընձեռելով միջազգային ասպարեզում ներկայացնել մայր բուհը, հաջողությունները, որոնք գրանցում ենք։ Այս հաջողությունները կապված են շրջանավարտների հետբուհական կրթության հետ, և այս միջոցառումը ևս տարվա պլանի մեջ է ներառված և ուղղված է այդ ամուր կապերի ամրապնդմանը»,- նկատեց ռեկտորը՝ հավելելով, որ կազմակերպչական կոմիտեի աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Children’s Hospital Los Angeles (CHLA) հիվանդանոցի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի և արդյունավետ համագործակցության արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 2-ից 26-ը հաստատված է ԵՊԲՀ մանկաբուժության դպրոցի 5 ուսանողի այցը այս հեղինակավոր բժշկական կազմակերպություն։

Ռեկտորը փաստեց, որ ուսանողության շրջանում «Մանկաբուժության դպրոցը» մեծ հաջողություն և մեծ արձագանք ունի։

Նիստին ներկա և մեկ ամիս անց ԱՄՆ մեկնել պատրաստվող սովորողներից նա հետաքրքրվեց առաջիկա անելիքների մասին՝ մաղթելով հաստատուն ձեռքբերումներ մանկաբուժության բնագավառում։

Պրոֆեսորի գիտական կոչում հայցելու նպատակով Գիտական խորհրդին դիմել էր Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Միքայել Մանրիկյանը, դոցենտի գիտական կոչում հայցելու նպատակով՝ Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Արթուր Սարգսյանը, Կենսաքիմիայի ամբիոնի ավագ դասախոսներ՝ կ.գ.թ. Ռայիսա Սահակյանը և ք.գ.թ. Նաիրա Զաքարյանը, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Գայանե Մանրիկյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս, բան.գ.թ. Ալինա Պետրոսյանը։

Հիմք ընդունելով նիստի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքները և հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը՝ դասախոսական կազմի վերոնշյալ թեկնածուները երաշխավորվել են գիտական կոչումների շնորհման համար։ Սույն որոշումները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։