Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՄԻՆԵՐՎԱ ծրագրի տեղեկատվական հանդիպում՝ ապագա գիտնականների մասնակցությամբ

ՄԻՆԵՐՎԱ ծրագրի տեղեկատվական հանդիպում՝ ապագա գիտնականների մասնակցությամբ

Երիտասարդ հետազոտողների համար այսօր բժշկական համալսարանում անցկացվեց «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:

Գիտության վարչության պետ, ծրագրի ԵՊԲՀ համակարգող Սեյրան Քոչարյանը հանդիպման սկզբում ներկայացրեց ՄԻՆԵՐՎԱ ծրագրի հիմնական ձեռքբերումները և ԵՊԲՀ-ում գիտության հանրահասանելիության մեխանիզմների ներդրման աշխատանքների ընթացքը: Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է բարելավել հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների իրականացման պայմանները Հայաստանի և Մոլդովայի համալսարաններում, քննարկել՝ ինչ է նշանակում բաց և հանրամատչելի գիտություն և ինչպես է ԵՊԲՀ-ն պատրաստվում մասնակցել այդ գործընթացին: «Կարևոր է նախանշել, թե ծրագրի ավարտից հետո ինչ հնարավորություններ ենք ունենալու և ինչ միջավայր ենք ապահովելու ապագա գիտնականների համար, որոնք իրենց գիտական աշխատանքի արդյունքը նկարագրում, ներկայացնում են եվրոպական չափանիշներին համահունչ՝ տեղադրելով համապատասխան հարթակներում»,-ասաց ծրագրի ԵՊԲՀ համակարգողը:

Ծրագիրն իր առջև խնդիրներ է դրել զարգացնել հանրամատչելի գիտությանը վերաբերող ազգային և ինստիտուցիոնալ ուղեցույցները, քաղաքականությունը և շարժառիթները Մոլդովայում և Հայաստանում՝ գործընկեր բուհերում ստեղծելով թվային շտեմարաննե ր և խթանելով դրանց ենթակառուցվածքային զարգացումը և փոխգործունակությունը, այդ թվում՝ զարգացնել մարդկային ռեսուրսները՝ հանրամատչելի գիտության սկզբունքների կանոնավոր իրականացման և հետազոտությունների սոցիալական ներգրավվածությունն ու հանրային հաշվետվողականությունն ապահովելու համար: «Մասնակցելով այսօրվա հանդիպմանը դուք կունենաք ինֆորմացիայի փոխանակման հնարավորություն ձեր գիտական ղեկավարների և գործընկերների, աշխատանքային խմբերի հետ»,-դիմելով ծրագրի շահառուներին՝ ասաց Գիտության վարչության պետը՝ շեշտելով, որ այսպիսի միջոցառումների շրջանակում ձեռք բերված տեղեկատվությունն անձնավորված չէ և նախատեսված է լայն լսարանների համար:

Հանդիպման ընթացքում ՄԻՆԵՐՎԱ ծրագրի գործընկեր, Վալենսիայի համալսարանի էլեկտրոնային ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր Ալֆրեդո Ռոսադոն ներկայացրեց բաց գիտության հիմնական սկզբունքները՝ հատկապես կարևորելով դրա առավելություններն ու թերությունները։

Քննարկվեց նաև EURAXESS հարթակի միջոցով շրջանառվող հետազոտության մեջ մարդկային ռեսուրսների ԵՄ ռազմավարության հիմնական դրույթներն ու գերազանցության պատվանշան ստանալուն ուղղված ԵՊԲՀ ձգտումները։ Նշենք, որ եռամյա ծրագրում ԵՊԲՀ-ն ներգրավված է որպես գործընկեր համալսարան: