ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում) միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած գիտնականների ԱՄՆ-ից, Ռումինիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից, Խորվաթիայից։
Հանդիպման ընթացքում խոսվեց մի շարք գիտակրթական հարցերի և հետագա համագործակցությունների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արևելյան եվրոպական երկրներում PhD կրթության և գիտական աստիճանաշնորհման մեխանիզմներին, մասնավորապես գիտական տպագրություններին, քննարկելով Ռումինիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցոգովինիայի, Վրաստանի փորձը, որտեղ պաշտպանության դուրս գալու համար պարտադիր պայման է ունենալ ազդեցության գործոնով (impact factor) տպագրություններ, որոնց քանակը և ազդեցության գործոնի արժեքը տարբերվում է երկրից երկիր, բայց գաղափարային առումով մոտեցումը նույնն է՝ պարտադիր է ազդեցության գործոնով տպագրությունը։
Հետաքրքիր է, որ հարևան Վրաստանը այդ քաղաքականությունը որդեգրել է 2011թ. բուհերի և այն գիտական կազմակերպությունների մակարդակով, որոնք իրականացնում են աստիճանաշնորհումը։ Հանդիպումն ավարտվեց պլանավորված ծրագրերի իրականացման և հետագա համագործակցությունների պայմանավորվածությամբ։