Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտաժողով՝ «Բեգլարյանական ընթերցանության օրեր»-ի շրջանակում

Գիտաժողով՝ «Բեգլարյանական ընթերցանության օրեր»-ի շրջանակում

Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Հղիությունից ծննդաբերություն։ Մանկաբարձական իրավիճակներ, վարման ալգորիթմներ» թեմայով գիտաժողովը: Բժշկագիտական դարբնոցի պատերի ներքո արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումը յուրահատուկ է բովանդակությամբ և մասնակիցներով, հատկապես այն դիտակետից, որ արդի թեմաների շուրջ հիմնական զեկուցողները կլինիկական օրդինատորներ են:

Գիտաժողովն անցկացվում է «Բեգլարյանական ընթերցանության օրեր»-ի շրջանակում և նվիրվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի երկար տարիների նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանին, ով կյանքից հեռացել է 2021 թվականին` թողնելով իր ղեկավարությամբ պատրաստած մասնագետների սերունդ, ձևավորված ավանդույթներ:

Դեկտեմբերի 22-ն անվանի բժիշկ-գիտնականի ծննդյան օրն է: Կդառնար 78 տարեկան: Նրա հիշատակին նվիրված միջոցառումը ծննդյան օրվան ընդառաջ է արվում։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, գիտության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը բացման խոսքում՝ նշեց, որ կոնֆերանսը բացառիկ ուսանելի ավանդույթ է, որով վերաբերմունք է ձևավորվում թե՛ գիտելիքի, թե՛ ապագայի հանդեպ:

«Արդեն երկրորդ անգամ Բեգլարյանական ընթերցանության օրերի շրջանակում տեղի է ունենում գիտաբժշկական կոնֆերանս լավագույն՝ կլինիկական օրդինատորների մասնակցությամբ: Գիտաժողովի նպատակն է ՝ գիտելիքն արժևորելով հանդերձ, խրախուսել ձգտելու առավելագույնին, խորությամբ յուրացնելու մեծ գիտնականի, տաղանդավոր վիրաբույժի, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի հարուստ ավանդույթները: Ինչպես բազմից ընդգծել է պրոֆեսոր Բեգլարյանը՝ բժիշկ լինում կամ չեն լինում, միջինը չկա: Բժշկի կոչումն է՝ կյանք պարգևել, կյանք փրկել, երջանկացնել մարդկանց, նրանց հարազատներին: Բժշկի մասնագիտությունը համարեք ձեր առաքելությունը, ձեր կյանքի իմաստը»,-ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ լավ բժիշկ լինելը հեշտ չի տրվում, այն պահանջում է ինքնազոհություն, շարունակական աշխատանք, գիտելիքի խորացում, բազմապատկում:

«Մեր նշանաբանն է լինել լավագույնը, ունենալ մասնագիտական անգերազանցելի որակներ, արժանանալ մարդկանց անթաքույց վստահությանը: Այսօր մեզ հետ են Ռուսաստանի Դաշնության լավագույն պրոֆեսորներ Գագաև Չելեբի Գասանովիչը, որը հանդիսանում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և Կարինե Օթարյանը, որը հանդիսանում է բժշկական գիտությունների թեկնածու, պտղի բժշկության միջազգային հիմնադրամի հավաստագրված մասնագետ»,-շեշտեց Արմինե Հարությունյանը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը դիմելով ներկաներին, վերհիշեց Բեգլարյանական ընթերցանության նախապատմությունը, կարևորեց գինեկոլոգիական հանրույթում մեծ ավանդ ունեցող պրոֆեսոր Բեգլարյանի ավանդը և նրան հավերժացնող այս իրադարձության շարունակականությունը:

«Ցանկանում եմ ընդգծել ոչ միայն գինեկոլոգ պրոֆեսոր Բեգլարյանին, այլ Բեգլարյանների ընտանիքին՝ հանձինս Արտաշես Բեգլարյանին, որովհետև այդ բժշկական տոհմի հիմքում կանգնած է նա: Մենք տեսնում ենք այն բոլոր պտուղները, արդյունքները, որոնք Արտաշես Բեգլարյանը թողել է: Այսօր գինեկոլոգիական հանրույթը շատ ակտիվ մասնակցում է ոչ միայն կլինիկական, այլև գիտական գործունեությանը և պատահական չէ, որ գիտաժողովի խորագիրը հղիությունից ծննդաբերությունն է: Խոսքը գնում է ոչ միայն մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայի մասին, այլ շատ կարևոր մի հանգամանքի, որը կոչվում է հղիության վարում: Հղիության ընթացքում տարբեր խոչընդոտների հետ է աշխատում բժիշկը, որով կարող է թիրախավորվել մայրը»,- ասաց պրոռեկտորը՝ ներկաներին մաղթելով գիտելիքահեն, արդյունավետ միջոցառում:

Ողջույնի խոսքերից հետո զեկույցներով հանդես եկան կլինիկական օրդինատորները՝ «Հղիություն և ձվարանների նորագոյացություններ: Բուժման ժամանակակից մոտեցումներ», «Վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը էնդոմետրիումի քաղցկեղի դեպքում», «Արտարգանդային հղիություն», «Ռեզուս ալլոիմունիզացիա: Վարման ալգորիթմ», «Ծննդաբերական տրավմատիզմ: OASIS», «Հղիության սրտխառնոց և փսխում: Ախտորոշումը և վարումը» և այլ մասնագիտական կարևոր թեմաներով:

Հավելենք, որ կոնֆերանսի ավարտին լավագույն կլինիկական օրդինատորը կարժանանա պրոֆեսոր Բեգլարյանի անվան կրթաթոշակի: