Գիտելիք, պատասխանատվություն և առողջություն. դասախոսություն՝ «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով

Գիտելիք, պատասխանատվություն և առողջություն. դասախոսություն՝ «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով

Բժշկական մայր բուհում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Անվտանգ սեռական վարքագիծ» խորագրով հերթական դասախոսությունը։ Միջոցառումը համախմբեց ոչ միայն բժշկականի, այլև այլ բուհերի ուսանողների, դասախոսների՝ ապահովելով մասնագիտական դիտակետից քննարկում սեռական առողջության արդի խնդիրների շուրջ։

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց անվտանգ սեռական կյանքի հիմնարար սկզբունքները, տվեց գիտականորեն հիմնավորված խորհուրդներ՝ առողջ ու պատասխանատու վարքագիծ ձևավորելու համար։
Դասախոսության հիմնական թեման կենտրոնացված էր հակաբեղմնավորման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման, սեռական վարքագծի վտանգների, սեռական հիգիենայի, հղիության արհեստական ընդհատման, սեռական առողջության պահպանման գործում առողջ սնվելու դերի վրա:

«Դասախոսությունը, որը կարդում եմ 2011 թվականից հիմնականում անցկացվում է դեկտեմբերին, քանի որ դեկտեմբերի 1-ը հայտարարված է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Դասախոսության ընթացքում ընդգրկվում են այն թեմաները, որոնք հատկապես կարևոր են երիտասարդների համար: Ցավոք սրտի մինչև հիմա լինում են դեպքեր, որ թեթևամիտ վերաբերմունքի, մոտեցման, գիտելիքի պակասի հետևանքով գրանցվում է, օրինակ, անցանկալի հղիություն, դրա հետևանքով փորձում են հղիությունը ընդհատել՝ չիմանալով հետևանքների մասին»,-նշեց նա՝ ընդգծելով՝ երիտասարդությունը պետք է սեռակրթված լինի, քանի որ այն ընդհանուր դաստիարակության մի մասն է.
«Պետք չէ այն ծայրահեղացնել, պետք է երևույթին նայել որպես ընդհանուր առողջության մի մաս և իմանալ, որ սեռակրթությունը բժշկական և հոգեբանական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է սեռական կյանքի նկատմամբ առողջ վերաբերմունքի ձևավորվմանը»:

Վրեժ Շահրամանյանը ցավով նշեց, որ սեռական անտեղյակությունը օրեցօր աճում է, մասնագիտական տեղեկատվությունը տեղը զիջում է համացանցին, որը ողողված է հակասական, սխալ տեղեկատվությամբ, ինչը լրջագույն խնդիր է:
«Ծնողները և մանկավարժները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: Ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները և մանկավարժները պետք է իմանան` երբ և ինչ ձևով տեղեկացնեն իրենց երեխային հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,-ընդգծեց նա:

Սեքսոպաթոլոգն անդրադարձավ սեռական դաստիարակության սխալների, առավել տարածված սեռական խնդիրների, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է պատկերացում ունենա:

«Սեռական դաստիարակության գործառույթը դպրոցից զատ տրամաբանական է, որ լրացնեն, այդ գործառույթն իրենց վրա վերցնեն ծնողները: Սակայն իրականում այս գործառույթը չեն լրացնում նաև ծնողները, ովքեր իրենք իրենց հերթին չունեն բավարար գիտելիք սեռական դաստիարակության վերաբերյալ, կամ երբեմն չգիտեն, թե ինչպես խոսել երեխաների հետ՝ կարծելով, որ իրենց տրված տեղեկատվությունը կարող է վնասել նրանց: Ծնողը ցանկանում է, բայց չի գտնում այն անհրաժեշտ բանալիները, որոնք պետք են սեռակրթության մասին բավարար տեղեկատվություն փոխանցի»,-հավելեց մասնագետը:

Դասախոսությունն ավարտվեց թեմայի ակտիվ քննարկմամբ, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերել օգտակար գիտելիք և խորհուրդներ սեռական առողջության խնդիրների վերաբերյալ։