Ձևավորված ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարի կրթության ոլորտի ներկայացուցիչները միմյանց շնորհավորում են ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, հեռավար և հիբրիդային եղանակով ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններում, անշուշտ, այս տարի Գիտելիքի և դպրության օրն ուրախության, լուսավոր ապագայի օր է:
Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ վստահ եմ, որ այս ուսումնական տարում առկա ձևաչափով բժշկական կրթություն ստանալիս առավել խստապահանջ կլինեք մասնագիտական կրթություն ստանալու ձեր իրավունքի հանդեպ, քանի որ բժշկի մասնագիտական կայացման ընթացքում գիտելիքների, գործնական հմտությունների առկայությունն առավել քան կարևոր է:
Մենք՝ կրթության, բժշկագիտության ոլորտի պատասխանատուներս, ջանք չենք խնայելու, որպեսզի բժիշկների 100-ամյա դարբնոցում կրթությունն իրականացվի միջազգային չափանիշներին համահունչ, կրթօջախում պահպանվող դարավոր ավանդույթներին համապատասխան:
Սիրելի ապագա բժիշկներ, սովորողներ մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ, եռանդ, որպեսզի ուսումնառության հենց սկզբից դառնաք մեր նախանշած բազմաթիվ ծրագրերի անմիջական մասնակիցը:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր