Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը հավակնում է լինել «հեղափոխական» բժշկական կրթության ոլորտում

«ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը հավակնում է լինել «հեղափոխական» բժշկական կրթության ոլորտում

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպեց գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրին մասնակցող ապագա բժիշկների հետ: Բժշկական մայր բուհն աշխարհում և նաև վիրտուալ տիրույթում ճանաչելի դարձնելուն է միտված տարեսկզբին մեկնարկած «ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը:

Թե ուսանողների, թե նախաձեռնողների խոսքով՝ «ԳԼՕԲՈՒՍ»-ը հավակնում է լինել «հեղափոխական» բժշկական կրթության ոլորտում: Տեսագրված դասախոսություններով, թեստերով և գրքերով անգլալեզու այս դասընթացների մասնակիցներից Արմեն Աբրահամյանն ընդգծեց, որ իրականացվող ծրագրի շնորհիվ առաջին հերթին փոխվեց մոտեցումը բժշկական կրթության հանդեպ:

Ամփոփելով տեսական փուլը՝ ապագա բժիշկներն առավելություններին զուգահեռ մատնանշեցին նաև որոշակի խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում էին բուհի գրականության թարմացմանը, դասախոսական կազմի վերապատրաստմանը, տեսական գրականության մեջ կլինիկական դեպերի առավել մանրակրկիտ նկարագրությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև մանկական վիրաբույժ, ասիստենտ պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը, ով Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (University of California, Los Angeles (UCLA)) ԵՊԲՀ ներկայացուցիչն է: ԱՄՆ-ում աշխատելու երկար տարիների փորձ ունեցող մասնագետի հետ ուսանողները խոսեցին բժշկական կրթության առանձնահատկությունների մասին: Շանթ Շեխերդիմյանը՝ ներկայացնելով իր փորձը, շեշտեց, որ բժիշկ դառնալու ընթացքում ստացած գիտելիքներն անփոխարինելի են և յուրաքանչյուր բժիշկ անկախ մասնագիտացումից ունի շարունակական զարգացման կարիք:

Եզրափակելով հանդիպումը և հաշվի առնելով ուսանողների կողմից հնչեցրած բոլոր մտահոգություններն ու կարծիքները՝ Արմեն Մուրադյանն առաջարկեց «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի մասնակիցներին առաջիկայում համալրել բուհի տեսական ամբիոններում դասավանդող մասնագետների շարքը: Նրա գնահատմամբ՝ այս քայլը կնպաստի բժշկական կրթության որակական փոփոխությանը: