Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գործուղում Սալոնիկի համալսարան

Գործուղում Սալոնիկի համալսարան

Հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Գայանե Մկրտչյանը մայիսի երկրորդ կեսին մեկշաբաթյա գործուղումով գտնվել է Հունաստանում՝ Սալոնիկի համալսարանում։

Այցի շրջանակում նա ակտիվ մասնակցություն է ունեցել ընդհանուր հիստոլոգիայի և սաղմնաբանության դասընթացներին, որոնք անցկացվում էին անգլերեն բժշկական ծրագրի շրջանակում։ «Ստացել եմ համապարփակ պատկերացում համալսարանի ուսումնական ծրագրի, դասավանդման մեթոդաբանության և կազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ։ Մասնավորապես, մանրամասն ծանոթացել եմ թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչներին։ Մասնակցել եմ դասախոսություններին, դիտարկել մանրադիտակային լաբորատորիաների աշխատանքը, ուսումնասիրել ուսանողների գնահատման ձևաչափերը»,- պատմում է դասախոսը։

Նա ծանոթացել է քննության համակարգին՝ ներառյալ լաբորատոր/մանրադիտակային և վերջնական թվային քննությունները, ուսումնասիրել է կիրառվող հարցերի տեսակներն ու գնահատման չափանիշները։

«Ինձ տրամադրվել է լիարժեք մուտք հյուսվածաբանական նմուշների հավաքածուին։ Ուսումնասիրել եմ նմուշների պահպանման վայրերն ու եղանակները, դրանց դասակարգումը և ուսուցման մեջ կիրառման մեթոդները։ Տպավորված եմ թվայնացված ուսուցման նյութերից, մասնավորապես՝ էլեկտրոնային մանրադիտակային պատկերներից, որոնք ցուցադրվում են ուսանողներին լաբորատոր պարապմունքների ընթացքում և քննություններին նախապատրաստվելու նպատակով։ Դիտել եմ դասավանդման ընթացքը, ուսանողների ներգրավվածությունը և դասախոսների աշխատանքը մանրադիտակային լաբորատորիաներում»,- հավելում է դոցենտ Մկրտչյանը։

Գործուղման ընթացքում նա շրջայց է կատարել մասնագիտացված ուսումնական տարածքներում՝ դասախոսությունների դահլիճներում, փոքր լաբորատոր դասասենյակներում և կենտրոնական մանրադիտակային սենյակում։ Հետաքրքրությամբ ծանոթացել է սաղմնաբանական նմուշների թանգարանին, որը ներառում է կրթական նշանակություն ունեցող բացառիկ հավաքածու՝ բնածին արատներով սաղմեր, որոնք ծառայում են որպես առաջադեմ ուսուցման գործիքներ։

Դասախոսին տրամադրվել է նաև մուտք օպտիկական և էլեկտրոնային մանրադիտակների օգտագործման հնարավորությանը։

Նա այցելել է լաբորատորիա, որտեղ ծանոթացել է կառուցվածքին, ընթացակարգերին և սարքավորումների կիրառմանը՝ թե՛ գիտահետազոտական, թե՛ ուսումնական նպատակներով։

Գայանե Մկրտչյանը հատկապես բարձր է գնահատել Սալոնիկի համալսարանի ուսանողների ակտիվությունը լաբորատոր պարապմունքների ընթացքում։

Այցի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ նաև վարչական անձնակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով կրթական մեթոդաբանությունը, ակադեմիական համագործակցության հեռանկարները և լաբորատոր կառավարման սկզբունքները։

Ակադեմիական ներգրավվածությունից բացի, նա հնարավորություն է ունեցել փորձի փոխանակման միջոցով խթանել ապագա ակադեմիական և մշակութային համագործակցության հիմքերը։

Նա նաև հանդիպել է ԵՊԲՀ ՌԲՖ կուրսանտներին, որոնք ներկայումս ուսանում են Սալոնիկի համալսարանում։