Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

 «Գրիգոր Արեշյանի» անվան կրթաթոշակառուի համար շարժիչ ուժ է աշխատանքին նվիրված մասնագետի կերպարը

 «Գրիգոր Արեշյանի» անվան կրթաթոշակառուի համար շարժիչ ուժ է աշխատանքին նվիրված մասնագետի կերպարը

Անվանական կրթաթոշակառուները յուրաքանչյուր կրթական հաստատության այցեքարտն են, որոնք շարունակելով իրենց ընտրած ճանապարհը, ցույց են տալիս, որ այստեղ ստացած կրթությունը ծառայում է իրենց և մարդկությանը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող «Գրիգոր Արեշյանի» անվան կրթաթոշակառու Նելլի Եղիյանը հստակ իմանալով, որ ցանկանում է դառնալ դիվանագետ, աշխատել միջազգային դաշտում մի օր անձամբ ծանոթանում է հանրապետության առաջատար վնասվածքաբան-օրթոպեդներից մեկի հետ և ոգեշնչվելով նրա մասնագիտական հմտություններով և մարդկային հատկանիշներով՝ որոշում է շրջադարձայնորեն փոխել մասնագիտական որոշումը։

«Իմ կարծիքով այն բավականին անսպասելի, բայց ճիշտ կայացրած որոշում էր։ Մինչև բժշկական համալսարան ընդունվելը և ուսումնառության ընթացքում ինչպես  ես, այնպես էլ ցանկացած ուսանող, բախվում է բազմաթիվ դժվարությունների, բայց իրականում այս ոլորտն այնքան բազմաբովանդակ և հետաքրքիր է, որ ցանկացած, թեկուզ և փոքր անհաջողություն դառնում է հաղթահարելի»,- շեշտում է սովորողը։

«Գրիգոր Արեշյանի» անվան կրթաթոշակառուի համար շարժիչ ուժ միշտ եղել է այն լավագույն մասնագետի կերպարը, որն անսահման նվիրված է իր աշխատանքին։ Նրա խոսքով՝  անվանական կրթաթոշակառու լինելը պարտավորեցնող է։

«Ձգտում ես անընդհատ կատարելագործել թե՛ մասնագիտական գիտելիքները, թե՛ մարդկային հատկանիշները»,-ասում է Նելլի Եղիյանը:

Մասնագիտության ընտրության հարցում ապագա բժիշկը վերջնականապես չի կողմնորոշվել, բայց մանկաբարձության ոլորտը նրա համար անչափ հետաքրքիր է, քանի որ մանկան ծնունդն ասոցացնում է կյանքի վերաիմաստավորման և բերկրանքի հետ։

Բուն մասնագիտական գործունեությանը զուգահեռ նպատակ ունի զբաղվել նաև գիտական աշխատանքներով, ուսումնասիրել բժշկության մութ և չբացահայտված կողմերը։

«Բժիշկը այն եզակի մասնագետներից է, որն իր մեջ ամփոփում է մարդկային լավագույն հատկանիշները՝ հարգանք, հոգատարություն և նվիրվածություն»,-ավելացնում է «Գրիգոր Արեշյանի» անվան կրթաթոշակառուն՝ եզրափակելով, որ կարևորում է առողջության պահպանման առաջնային օղակի դերի և բնակչության իրազեկվածության բարձրացումը։