Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գրիպի, շնչառական սինցիցիալ վիրուսի գործունեության ցուցանիշները

Գրիպի, շնչառական սինցիցիալ վիրուսի գործունեության ցուցանիշները

49-րդ շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր երկրները, որոնք տվյալներ են տրամադրում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին, ցույց են տալիս ինչպես գրիպի, այնպես էլ շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) գործունեության ցուցանիշների կտրուկ աճ, ինչը նկատելի ազդեցություն ունի ստացիոնար բժշկական օգնության վրա: ԵՄ/ԵՏԳ առաջնային բուժօգնության թեստի դրական արդյունքի 10 տոկոսի շեմը հատվել է, որը ազդարարում է գրիպի սեզոնի սկիզբը, գրիպի A(H1N1), A(H3N2) և B վիրուսների միաժամանակյա շրջանառությամբ:

Գրիպի և սինցիցիալ վիրուսի միաժամանակյա շրջանառությունը, SARS-CoV-2-ի համեմատաբար ցածր տարածվածության ֆոնին, կարող է էական ազդեցություն ունենալ առողջության պահպանման վրա: Հոսպիտալացման դեպքերը տեղի են ունենում բոլոր տարիքային խմբերում, հատկապես շատ փոքր երեխաների (RSV-ի պատճառով) և տարեցների մոտ: Գրիպի ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել, եթե գերակշռում է A ենթատիպը (H3N2), որն ավելի քիչ է համապատասխանում հյուսիսային կիսագնդի պատվաստանյութին:

Տարեվերջյան արձակուրդային սեզոնը ավանդաբար կապված է այնպիսի գործողությունների հետ, ինչպիսիք են սոցիալական միջոցառումները, գնումները և ճանապարհորդությունները, որոնք լրացուցիչ ռիսկեր են ստեղծում շնչառական վիրուսների փոխանցումը մեծացնելու համար:

Եվրոպական տարածաշրջանի տվյալների համաձայն` չնայած մինչ օրս գրիպի հետ կապված հոսպիտալացման դեպքերը նկատվել են բոլոր տարիքային խմբերում, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ հոսպիտալացման և ծանր հետևանքների ամենամեծ ռիսկի խմբում են:

Այս շրջանում գրիպի ծանր ձևին առավել հակված տարիքային խմբերի վրա կարող է ազդել գրիպի գերակշռող ենթատեսակը  (ենթատեսակները):

0-4 տարեկան երեխաները, և հատկապես նորածինները, ունեցել են RSV-ի հոսպիտալացման ամենաբարձր ռիսկը (այս տարիքային խմբում SARS-ով ընդունվածների թեստերի ավելի քան 40%-ը դրական է եղել RSV-ի համար` 2024 թվականի 47-րդ շաբաթից սկսած): Այս տարիքային խմբում հոսպիտալացված պացիենտների թիվը , որին հաջորդում են 65 և ավելի բարձր տարիքի պացիենտները, կազմել են համապատասխանաբար 83% և 11%` 2024 թվականի 40-ից 49-րդ շաբաթվա ընթացքում: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հետագա հոսպիտալացումներն առավել հաճախ տեղի են ունենում նորածինների մոտ, մինչդեռ մահվան դեպքերի մասին հաղորդումները հակված են ավելի մեծ տարիքային խմբերի:

Տվյալները ցույց են տալիս, որ գրիպի վիրուսի բոլոր երեք տեսակները/ենթատեսակները (A(H1N1)pdm09, A(H3N2) և B) ներկայումս միաժամանակ շրջանառվում են, ինչը կազմում է հայտնաբերման դեպքերի մոտ երկու հինգերորդը, մեկ հինգերորդը և երկու հինգերորդը, համապատասխանաբար:

Գրիպի շրջանառության ներկայիս մակարդակով դեռ վաղ է կանխատեսել, թե ինչպես կզարգանա գրիպի շրջանառվող տեսակների և ենթատիպերի բաշխումը, և որ շտամները կգերիշխեն այս ձմռանը:

«Հերացի վերլուծական» կենտրոնը հիշեցնում է, որ գրիպի դեմ պատվաստումը շարունակում է մնալ տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց շրջանում վարակի կանխարգելման և ծանր հիվանդությունների զարգացման միակ ամենաարդյունավետ միջոցը: Ծանր ընթացքով հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի խմբերը ներառում են տարեցներին, վեց ամսականից չորս տարեկան երեխաներին, հղիներին՝ անկախ հղիության եռամսյակից, իմունային անբավարարություն կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց:

Պատվաստվե՛ք և կատարե՛ք կանխարգելիչ հնարավոր միջոցառումներն` առողջ լինելու համար: