Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հաջողության դպրոցի» հյուրը ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր

«Հաջողության դպրոցի» հյուրը ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր

«Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոց» խորագրով ուսանողական նախաձեռնության հերթական հյուրը ԵՊԲՀ շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր։
Մասնագետը Օտտավայի, Տորոնտոյի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանների պրոֆեսոր է, Միավորված ազգերի կազմակերպության հատուկ ամսագրի գլխավոր խմբագիր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրոպիկական հիվանդությունների հետազոտման հատուկ ծրագրերի համագործակցության և կառավարման հարցերով ղեկավարը: Գարրի Ասլանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր անցած ուղին:
Հանգամանալից խոսեց այն կազմակերպությունների մասին, որտեղ տարբեր տարիներին աշխատել է, ձեռք բերել մասնագիտական հմտություններ:
Խոստովանեց, որ երբևէ չի պատկերացրել, որ իր աշխատանքն առնչություն է ունենալու հանրային առողջապահական ծրագրերի հետ: Գարրի Ասլանյանի գնահատմամբ՝ վերջին տասնամյակում գլոբալ փոփոխություններ են տեղի ունեցել նաև հանրային առողջության ոլորտում: Ներկայացնելով նաև իր կողմից իրականացրած ծրագրերը ընդգծեց, որ չի սահմանափակվում միայն մեկ զբաղվածությամբ, այլև ներգրաված է տարբեր նախաձեռնություններում:
Հեղինակավոր համալսարանների պրոֆեսորը նշեց, որ մշտապես պահպանելով կապն այս բուհերի հետ, աջակցում է հետազոտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև սովորողներին տրամադրում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, այլ կերպ ասած՝ ուղղորդում է նրանց այս կամ այն հետազոտական աշխատանքն իրականացնել:
Պրոֆեսորը մեծապես կարևորեց լեզուների իմացությունը, որը բոլորովին նոր դռներ ու հնարավորություններ կարող է բացել ոչ միայն առողջապահության, այլև յուրաքանչյուր ոլորտի մասնագետի առաջ: Նա նաև իր հետ բերել էր Միավորված ազգերի կազմակերպության հատուկ ամսագրի մի քանի օրինակներ: Հյուրը պատմեց, որ ամսագրերի հերթական համարներից մեկում տեղ էր գտել նաև տեղեկատվություն Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի և իր աշխատանքային հանդիպման մասին:
ԵՊԲՀ-ի, ինչպես նաև այլ բուհերի սովորողները հանդիպման երկրորդ հատվածում իրենց հարցերն ուղղեցին «Հաջողության դպրոց»-ի հյուրին: