ԵՊԲՀ «Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոցն» այս անգամ հյուրընկալել էր Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար, ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական և Հարվարդի շրջանավարտների ակումբի՝ 2015-2016 թվականների նախագահ Էրիկ Գյուլազյանին:
Ուսանողների հետ հանդիպման սկզբում նա ընդգծեց, որ չկա մի դպրոց, որն ավարտելով մարդը կարող է հաջողության հասնել: «Իրականում հաջողության այդ դպրոցը մարդն է ինքն իրենով, և ամեն ինչ կախված է հենց նրանից: Երբ մենք դառնանք սեփական ցանկությունների շարժիչ ուժը, այդ պահից սկսած՝ ամեն ինչ կստացվի», – նշեց Էրիկ Գյուլազյանը: Ինտերակտիվ քննարկման ընթացքում նա ուսանողների հետ միասին փորձեց բացահայտել, թե ինչ է հաջողությունը և ինչքանով է կարևոր սեփական պատասխանատվությունն այդ հարցում: Էրիկ Գյուլազյանի համոզմամբ՝ աշխարհայացքն այն հստակ չափանիշն է, որն արտացոլում է այն, թե մարդիկ ինչպես են տեսնում իրենց անձնական խնդիրներն աշխարհի մասշտաբով:
Անդրադառնալով մասնագիտության ընտրության կարևորությանը՝ նա նկատեց, որ բժիշկ կամ մանկավարժ դառնալ ցանկացողները ֆինանսական բարեկեցության հարցը որպես առաջահերթություն չեն դիտարկում: Չնայած այն հանգամանքին, որ Էրիկ Գյուլազյանը՝ կրթությունն Անգլիայում է շարունակել՝ նա հավաստիացրեց, որ հաջողության հասնելու համար արտերկրում սովորելը պարտադիր չէ: «Լեզուների տիրապետելու դեպքում կարող ես շատ լավ գիտելիքներ ստանալ նաև Հայաստանում: Եվ երկրորդ, մշտական ուսուցման գործընթացը՝ lifelong learning, մշտապես իր տեղում է: Հաջողակ կարիերայի համար մարդը պետք է սիրի իր մասնագիտությունը, զբաղվի իրեն հոգեհարազատ գործով, որը նրան կտա համապատասխան մոտիվացիա և խթան», – ավելացրեց ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդականը:
Հանդիպման ավարտին Էրիկ Գյուլազյանը շնորհակալություն հայտնեց ապագա բժիշկներին իրենց մասնագիտության ընտրության համար և հաջողություն մաղթեց: