Հակամանրէային կայունության և վարակի հսկողության մասին դասախոսել է Ալիսիա Դեմիրճյանը

Հակամանրէային կայունության և վարակի հսկողության մասին դասախոսել է Ալիսիա Դեմիրճյանը

«Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված հերթական արդի թեմայի շուրջ հանդիպում-քննարկումն է տեղի ունեցել:

Հանդիպման կազմակերպիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Համաճարակաբանության ամբիոնի և Հանրային առողջության ֆակուլտետի այցելու դասախոս Ալիսիա Դեմիրճյանին, ով միաժամանակ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային գործակալության աշխատակից է:

Լինելով և՛ մանկաբույժ, և՛ համաճարակաբան` նա ակտիվորեն զբաղվում է հակամանրէային կայունության դեմ պայքարի ծրագրերի իրականացմամբ և ներդրմամբ:

«Հակամանրէային կայունություն և վարակի հսկողություն» հանդիպում-քննարկմանը, իր զեկույցում բժիշկ Դեմիրճյանը ներկայացրեց հակամանրէային կայունության դեմ պայքարի արդիականությունը, հակաբիոտիկների նշանակման կարևորությունը, շեշտելով, որ վերջին 10 տարվա ընթացքում դեղագործական ընկերությունները նոր հակաբիոտիկներ չեն ստեղծել, քանի որ այդ գործընթացը ծախսատար է և անշահութաբեր:

Մասնագետը կարևորեց այն փաստը, որ մեր օրերում անհնար է պատկերացնել քաղցկեղի բուժումը, վիրաբուժական միջամտությունները և որոշ անգամ ոչ վարակային հիվանդությունների համալիր բուժումն առանց հակաբիոտիկների, սակայն դրանց կիրառումն աստիճանաբար հանգեցնում է հակաբիոտիկների հանդեպ կայունության ձևավորման, և անհրաժեշտություն է առաջանում կիրառել արդեն իսկ վերջին սերնդի հակաբիոտիկներ:

Զեկույցում ներկայացվեց հակամանրէային կայունության դեմ պայքարի Մեծ Բրիտանիայի ազգային երկրորդ ծրագիրը` 2024-2029թթ.-ի համար, որտեղ առանձնացված էին 9 հիմնական ուղղությունները` իրենց ենթակետերով, որոնց իրագործումը թույլ կտա ազգային ծրագիրը հաջողված համարել: Նման ծրագիր կա նաև Հայաստանում, որի մեկնարկը տրվել է դեռ 2024թ.-ի ավարտին:

Մասնագետի խոսքով` խնդրի լուծման համար շատ կարևոր է միջգիտակարգային մոտեցումը, այն պետք է լինի ոչ միայն կառավարության, այլև շատ այլ կառույցների, գերատեսչությունների, բուժհաստատությունների, բժիշկների, բուժքույրերի և, իհարկե, բնակչության փոխկապակցված համագործակցություն, որտեղ շատ կարևոր է բժիշկ-պացինետ փոխհարաբերությունը, ինչպես նաև մարդկանց վարքագծային փոփոխությունը:
Այցելու դասախոսի կարծիքով մերօրյա թվային ժամանակներում, երբ արդեն կա արհեստական բանականություն և նոր բումերների աճող սերունդ, ավելի հեշտ կլինի որոշ ուղեցույցերի, դիտարկումների հիման վրա բարելավել հակամանրէային կայունության դեմ պայքարին ուղղված ջանքերը, նորագույն տեխնոլոգիաների միջոցով հարցի լուծումն էլ ավելի իրատեսական է թվում:

Բանախոսը Հայաստանում նույնպես այս արդիական ու կարևոր խնդրի լուծման համար պոտենցիալ է տեսնում` դրա դեմ պայքարին ուղղված գործողությունների, ազգային ծրագրի մշակման, բուժհաստատություններում ակնհայտ փոփոխությունների, «Արմեդ» ծրագրի ներդրման, դեղատներից հակաբիոտիկների ձեռքբերման և նշանակման վերբերյալ օրենքների ընդունման միջոցով:

Նա խորհուրդ տվեց, հնարավորության դեպքում ծանոթանալ այլ երկրներում կիրառված և հաջողություն գրանցած ծրագրերին և դրանց փորձից օգտվելով համապատասխան ծրագրեր մշակել և իրականացնել:

Պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը հավելեց, որ հակամանրէային կայունության դեմ պայքարում շատ կարևոր է ներգրավել գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետներին, քանի որ հակամանրէային կայունությունը առկա է նաև այս ոլորտում:

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանով, որին իրենց հետաքրքրող հարցերով մասնակցեցին մեր ուսնողները:

Նմանօրինակ հանդիպումները, հատկապես այլ երկրների փորձի մասին տեղետվություն ստանալն ու հետագա համագործակցության հեռանկար ունենալը, խթան է հանդիսանում մեր սեփական գործողությունների տեսլականը կազմելու և տարբեր կառույցների ներգրավվածությունը խթանելու համար:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետներ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, այլ բուժհաստատություններից, ԵՊԲՀ դասախոսներ և ուսանողներ: