Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանդիպում ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների հետ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների հետ: Նա նշեց, որ հանդիպման նպատակն ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսի ուսանողների կողմից իրենց հուզող հարցերին անդրադառնալն է և դրանց լուծման ուղիները գտնելը: Հանդիպումն անցավ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:

Ռեկտորն անդրադարձավ բուհի կողմից առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի, ինչից հետո մեծ սիրով պատասխանեց ուսանողների կողմից բարձրացրած հարցերին: Ուսանողների հարցերը տարաբնույթ էին: Նրանք խոսեցին ոչ միայն բուն ուսումնական գործընթացի, այլև հարցեր ուղղեցին քննաշրջանի մեկնարկի, էլեկտրոնային գրադարանից օգտվելու, ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ հարցերի մասին:

Արմեն Մուրադյանը սիրով և մանրակրկիտ պատասխանելով յուրաքանչյուր ուսանողի հարցին, նշեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու, քանի որ դրանք ոչ միայն արդյունավետ են, այլև լավագույն հարթակներից են ուսանողների ինքնադրսևորման համար: Նա կոչ արեց ապագա բժիշկներին շատ հետևողական լինել ուսուցանվող առարկաների նկատմամբ, փաստելով, որ միայն լավ ուսանող լինելու դեպքում նրանք կարող են օրինավոր քաղաքացի և լավ մասնագետ լինել՝ դրանով նպաստելով հայ բժշկության զարգացմանը նաև միջազգային հարթակներում:

Հանդիպման ընթացքում առաջին կուրսի ուսանողներին հանգամանալից ներկայացվեց նաև բժշկական համալսարանում ստեղծված նոր ստորաբաժանումների, մասնավորապես Էթիկական կոմիտեի և Իրավաբանական կլինիկայի, ինչպես նաև Կարիերայի կենտրոնի նպատակները: