Հարազատ դարձած կարմիր դահլիճում ԵՊԲՀ տարբեր սերունդների շրջանավարտներն ու ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը հավաքվել էին, որպեսզի տոնեն բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հիմնադրման 25-ամյակը: Հայաստանում առաջին ինքնավար ուսանողական կառույցը ստեղծվել է հենց բժշկականում: Հիմնադրվելով 1992 թվականին՝ այս կազմակերպության հիմնական նպատակն էր ապահովել ուսանողական ինքնավարության և ինքնակառավարման գործընթացները, նպաստել ուսանողների հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացմանը։ Անցել է 25 տարի և այս ընթացքում ուսանողական այս կառույցի առջև դրված ամենակարևոր խնդիրը չի փոխվել: Այն է համախմբել ուսանողությանը ամենատարբեր միջոցառումների, նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ներկայիս նախագահ Ալեքսան Հովհաննիսյանն ընգծեց, որ իր ղեկավարած կառույն ունի արդեն քառորդ դարի պատմություն, այն ամուր է և շարունակում է համախմբել ուսանողներին:
Ուսանողական կառույցի հոբելյանն առաջինը շնորհավորելու հնարավորությունն ընձեռվեց բուհի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին, ով կիսվեց Ուսանողական խորհրդարանի ստեղծման ու կայացման մասին իր հիշողություններով: Երկարամյա ռեկտորը նշեց, որ չնայած 1990-ականներին մեր նորանկախ երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական բազում մարտահրավերներին, ԵՊԲՀ-ին հաջողվեց դիմակայել մի շարք դժվարությունների և անգամ ապահովել զարգացում, այդ մասին է վկայում նաև ուղիղ 25 տարի առաջ ուսանողակենտրոն այս կառույցի ստեղծումը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվող տեսանյութերն ապացույցն էին այն փաստի, որ ուսանողական 25-ամյա խորհրդարանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր համալսարանում կատարվող ամենատարբեր իրադարձությունների էպիկենտրոնում է: Ուսանողներին և ուսանողական խորհրդարանի բոլոր ներկա և նախկին անդամներին ողջունեցին նախկին ՈՒԽ նախագահներ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Անի Ռափյանը, ինչպես նաև ՈՒԽ առաջին նախագահ Արտակ Գրիգորյանը: Տարբեր ոլորտներում կայացած ու ճանաչված մասնագետները փաստեցին, որ Ուսանողական խորհրդարանը յուրաքանչյուր ուսանողի համար հետագա հաջողությունների մեկնակետն է:
Ուսանողական խորհրդարանի հոբելյանը շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ այս միջոցառումը սերունդների միջև ամուր կապի վկայությունն է: Ելույթ ունեցան բժշկական համալսարանի «Մեդունի» էստրադային և պարային համույթները, բժշկականի ուսանողները: ЕРМУ КВН-ի թիմի տղաների կողմից վարած միջոցառումն ուղեկցվեց նաև հումորային և երաժշտական այլ կատարումներով և եզրափակվեց տոնական տորթի հյուրասիրությամբ:
Ուսանողական խորհրդարանի բոլոր նախկին ղեկավարները կատարած աշխատանքի համար արժանացան պատվոգրերի և հուշանվերների: ԵՊԲՀ ուսանողական կառույցին շնորհավորելու էին եկել նաև այլ բուհերի ուսանողական կազմակերպությունների և միությունների ղեկավարներ: