Մեկ ու կես տարվա ուսումնառությունից հետո 30 սովորող հաջողությամբ ավարտեց Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագիրը:
«Ծրագրի շրջանակում ձեզ դասավանդել են ոչ միայն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, այլև հրավիրյալ դասախոսներ, որոնք սովորեցրել են վեր հանել ոլորտի խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները, ներկայացրել են միջազգային լավագույն փորձը, որպեսզի գիտելիքով ու փորձով զինված սկսեք ձեր ուղին»,- դիպլոմների հանձնման միջոցառմանը դիմելով ներկաներին նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:
Նա ուրախությամբ փաստեց, որ շրջանավարտներից մեկի դիպլոմը ստանալուն գործատուն արդեն սպասում է աշխատանքի հրամանագրելու համար, մեկ այլ ավարտողի հետազոտական աշխատանքն էլ, որը դասընթացի շրջանակում է մշակել, արտերկրից ֆինանսավորում է ստացել:
Դեկանի գնահատմամբ` նման հաջողությունները վկայում են այս մագիստրոսական ծրագրի արդյունավետության մասին, ինչը լավագույն գնահատականն է, հետևաբար մենք շարունակելու ենք աշխատանքները` պահպանելով որակի սահմանված բարձր նշաձողը, ինչպես կրթություն ապահովողների, այնպես էլ սովորողների համար:
Հանրային առողջապահության ոլորտ մասնագետների նորամուտը շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` համոզմունք հայտնելով, որ դահլիճում նստած են առողջապահության ապագա կազմակերպիչներ, բուժհաստատությունների տնօրեններ, ծրագրերի ղեկավարներ:
«Հավատացնում եմ ձեզ, որ 21-րդ դարում կազմակերպման և կառավարման ակադեմիական շերտն ավելի կարևոր է կրթության հատվածում, քան փորձի: Այսօրվա կրթությունը թույլ է տալիս առանց ժամանակ կորցնելու օր առաջ արդեն հմտություններով և գիտելիքով մտնել համակարգ»,-շնորհավորելով շրջանավարտներին ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը` կարևորելով հայրենիքում կրթություն ստանալու հնարավորությունը:
Խոսելով շրջանավարտների մասին` ռեկտորը մատնանշեց դահլիճում ներկա «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, ով ևս Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ է:
Պրոֆեսոր Մուրադյանը հույս հայտնեց, որ մագիստրոսների հաջողությունները և աշխատանքը ուղղված կլինի առողջություն կերտելուն և ստեղծելուն և առողջություն ստեղծողներն ու պահպանողները գաղափարապես պատրաստ կլինեն այդ հայեցակարգը ներդնել և լավ իմաստով վարակել բժշկական անձնակազմին:
Կարմիր դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ Նարեկ Շալունցը, ով 2022 թվականին ԿԳՄՍ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողն էր, Հանրային առողջապահության ֆակուլտետում սովորելուն զուգահեռ նաև Ճառագայթային ախտորոշման ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր է:
«Երկուսը համատեղելը բարդ էր, պարտավորեցնող: Հետագայում միաժամանակ երկու ոլորտում գործունեություն ծավալելն իմ առաջնային նպատակներից է` և հանրային առողջապահական ոլորտը նոր հիմքերի վրա դնելու գործում ներդրում ունենալու, և բժշկությամբ զբաղվելու համար»,- ասաց նա:
Խմբային ավանդական լուսանկարում առանձնացավ փոքրիկ Սյունեն, որն ուղեկցում էր շրջանավարտ մայրիկին դիպլոմ ստանալու արարողության ժամանակ:
Նշենք, որ տարեցտարի այս ֆակուլտետ դիմորդների թիվն ավելանում է` պայմանավորված առողջապահության բնագավառում հանրային առողջության մասնագետների մեծ պահանջարկով: