Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հարվարդի բժշկական դպրոցը և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնը խորացնում են համագործակցությունը

Հարվարդի բժշկական դպրոցը և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնը խորացնում են համագործակցությունը

Հարվարդի բժշկական դպրոցի Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մասնագետները՝ Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ և աջակցությամբ, անցկացրին «Ուլտրաձայնային հետազոտությունը՝ անհետաձգելի իրավիճակներում» թեմայով 2-րդ աշխատաժողովը։

Մարտի 9-10-ը տեղի ունեցած երկօրյա դասընթացը նախատեսված էր անհետաձգելի բժշկության մասնագետների, սրտաբանների, ռեանիմատոլոգների համար և ներառում էր հեռավար նախապատրաստական (6 ամիս) և առկա (երկու օր) ինտենսիվ ուսուցում, որին մասնակցեց 30 մասնագետ մայրաքաղաքի` այդ թվում՝ համալսարանական հիվանդանոցներից և Հայաստանի մարզերի բժշկական հաստատություններից։

Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն ունի նախապատմություն։ «Դեռևս 2020 թվականից առաջ մեկնարկեցին հանդիպումները։ Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները Հայաստան եկան մեր հրավերով՝ բժշկական փոքր միջոցառմանը մասնակցելու, որից հետո շարունակական ծրագրերի անհրաժեշտություն առաջացավ, և իրենք առաջարկեցին ուլտրաձայնային հետազոտությունը՝ կրիտիկական իրավիճակներում թեմայով դասընթացների իրականացումը», – նշեց նա։

Հայ օգնության ֆոնդն իր առողջապահական ծրագրերն իրականացնելիս, ըստ Համբարձում Սիմոնյանի, միշտ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով․ հաշվի են առնվում տեղական իրադրությունը, գլոբալ զարգացումները և, անշուշտ, խորհրդակցություններ են անցկացվում առաջատար գործընկերների, տվյալ դեպքում՝ համալսարանական սրտաբանական կլինիկայի թիմի հետ՝ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի գլխավորությամբ։ «Քննարկեցինք առաջարկը, որն ընդունվեց հիացմունքով, և եկանք այն մտքին, որ իրականացնենք առաջին դասընթացը։ 2022 թվականին Ջեֆերսոնի անվան համալսարանական ուլտրաձայնային ուսուցողական կենտրոնի հենքի վրա Հարվարդի բժշկական դպրոցի մեր հրավիրյալ դասախոսների օգնությամբ անցկացրինք առաջին դասընթացը, որը ներառում էր շուրջ 20 մասնակից, հիմնականում՝ ինտենսիվ թերապիայի մասնագետներ, սրտաբաններ, ռադիոլոգներ։ Արդեն երկրորդ դասընթացում շեշտադրված է այն միտքը, որ հաջորդ դասընթացներրը շարունակելու ենք մեր տեղական դասընթացավարների օգնությամբ։ Իհարկե, մեր ամերիկացի գործընկերների հետ կապը, ուղեցույցների և խորհրդատվության տրամադրումը չեն ընդհատվելու, բայց առաջնային նպատակն է, որպեսզի շարունակենք մեր ուժերով», – ընդգծեց Համբարձում Սիմոնյանը։

Մինչև առկա դասընթացը բոլոր մասնակիցներն անցնում են մոդուլներով, և միայն ընտրված մասնակիցները, որոնք ամբողջությամբ հանձնում են թեստերը, իրավունք են ստանում մասնակցելու արդեն առկա դասընթացին։

Սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանի համոզմամբ՝ ինտենսիվ դասընթացն ընդգծում է ուլտրաձայնային հետազոտության կարևորությունը վաղ ախտորոշման համար։ «Գիտենք, որ ուլտրաձայնային հետազոտություն կատարում են հիմնականում ռադիոլոգները, բայց ներկայումս այն ավելի լայն տարածում է գտնում անհետաձգելի բժշկության մեջ, թերապևտների շրջանում։ Ուլտրաձայնային սարքերի չափերը փոքրանում են, այնպես որ կարելի է շատ արագ և արդյունավետ կատարել հետազոտությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև տրավմաների դեպքում, սուր իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում արագ կատարելու ուլտրաձայն և հնարավորինս կողմնորոշիչ մարկերների հիման վրա ավելի շուտ ցուցաբերել բուժօգնություն», – նշեց պրոֆեսորը՝ ընդգծելով մեր առողջապահական համակարգի համար դրա կարևորությունը։ Ըստ նրա՝ գաղափարն այն է, որպեսզի սրտաբաններից և ռադիոլոգներից բացի, այս մեթոդները տարածվեն նաև այլ բժիշկների շրջանում։

Հարվարդի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Աչիկամ Օրեն-Գրինբերգը երկրորդ անգամ է մեր երկրում՝ դասընթացի շրջանակում։ «Համագործակցության առանցքում է կլինիցիստներին սովորեցնել, թե ինչպես կիրառել ուլտրաձայնային հետազոտությունը պացիենտի խնամքի բարելավման նպատակով։ Դուք ունեք շատ խելացի, գիտակ և տաղանդավոր բժիշկներ, որոնք միշտ պատրաստ են սովորել և կատարելագործվել։ Սա շատ ոգևորիչ և տպավորիչ է։ Նպատակն այս դասընթացի շարունակությունն է՝ արդեն տեղացի մասնագետների ղեկավարությամբ, քանի որ նրանք տիրապետում են անհրաժեշտ գիտելիքին և ունակություններին», – հայտնեց նա։

Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Առնո Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մասնակիցները մոդելների վրա ուսումնասիրում են հիմնական տեխնիկաները։ «Այս անգամ որպես դասընթացավար ներգրավված է նաև նախորդ կուրսի մասնակիցներից մեկը։ Արդյունքում կուենանք թիմ, որն առանց դրսի միջամտության կկարողանա դասընթացն այստեղ կազմակերպել», – ասաց նա։

Պրոֆեսոր Ելայ Գելֆանդի խոսքով՝ արդեն հաջորդ տարվանից սկսած՝ հայ մասնագետներն իրենք են անցկացնելու նմանատիպ դասընթացներ, տարվա ընթացքում՝ մեկ կամ երկու անգամ։ «Միտքն այն է, որպեսզի այս կուրսը լինի ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային․ այստեղ հրավիրվեն նաև այլ երկրների մասնագետներ։ Հայաստանում շատ են տաղանդավոր մասնագետները, այսինքն՝ բժշկական ունակությունների առումով որևէ խնդիր չկա։ Խնդիրը նրանում է, որպեսզի ճիշտ հունով ուղղորդենք այդ տաղանդները։ Սարքավորումների հասանելիությունը մարզերում ևս խնդիր է։ Այդ պատճառով մասնակցում են ոչ միայն երևանյան, այլև մարզային կլինիկաների մասնագետները։ Օրինակ, անցած անգամ խոսել ենք Դիլիջանի բժշկական կենտրոնի սրտաբանական թիմի անդամների հետ, պայմանավորվել, որպեսզի նրանք գան այստեղ, սովորեն և վերադառնան՝ տարածելու ստացված գիտելիքը», – պատմեց Ելայ Գելֆանդը։

Հարվարդի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Ակիվա Լեյբովիցը երրորդ անգամ է այցելում Հայաստան։ «Այս անգամ դասավանդողների մեծամասնությունը տեղացի մասնագետներն են, որոնք մասնակցել են առաջին դասընթացին։ Նպատակը ոչ թե սովորեցնելն է, այլ օգնել, որպեսզի այս հաստատությունն ունենա ծրագիր, որի միջոցով գիտելիքի և փորձի փոխանակումը կլինի շարունակական։ Առաջնային է վերապատրաստել հայ մասնագետների հաջորդ սերնդին, որը կկարողանա վերապատրաստել տեղական մակարդակում։ Կարծում եմ՝ մենք չունենք որևէ բան, որը դուք այստեղ չունեք։ Դուք ենթակառուցվածքների, թանկարժեք սարքավորումների կամ շենքերի կարիք չունեք, դրանք կան, համարժեք օգտագործման դեպքում դուք կարող եք բարելավել պացիենտի խնամքը», – ընդգծեց Ակիվա Լեյբովիցը՝ փաստելով, որ սա մասնագիտական երկարաժամկետ համագործակցություն է։

Սրտաբանության ամբիոնի դոցենտ, համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանի փոխանցմամբ՝ 2022 թվականին առաջին անգամ աննախադեպ համագործակցություն ձևավորվեց Հարվարդի բժշկական դպրոցի Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի պրոֆեսորների և ԵՊԲՀ աշխատող բժիշկների միջև: «Երեք տարի առաջ հաջողվեց անցկացնել երկօրյա հագեցած կուրս։ Նպատակը անհետաձգելի իրավիճակներում ուլտրաձայնային հետազոտության կիրառումն էր։ Այս հետազոտությունը կարևոր է նաև նրանով, որ այն հնարավորություն է տալիս տեղում իրականացնել հետագա հսկողությունը, առանց պացիենտին տեղափոխելու։ Մեր համագործակցության հիմքում հենց դա է», – հավաստեց նա՝ շեշտելով, որ սա, առաջին հերթին, շատ լավ թիմային աշխատանքի արդյունք է։