«Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոց»-ի 7-րդ հանդիպումն ամփոփեց աշխատանքները

«Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոց»-ի 7-րդ հանդիպումն ամփոփեց աշխատանքները

«Հայ-գերմանական Ուռուցքաբանության դպրոցի» (ArGOS) 7-րդ հանդիպման երրորդ օրը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում համախմբել էր առաջատար ուռուցքաբաններին, ճառագայթային ուռուցքաբաններին, ուրոլոգներին, պաթոլոգներին, մանկական ուռուցքաբաններին, օրդինատորներին․ թեման օնկոուրոլոգիան էր։

Բացման խոսքով հանդես եկավ բժշկական համալսարանի Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը։ Վերահաստատելով արդեն 12 տարվա արդյունավետ համագործակցությունը գերմանացի գործընկերների հետ՝ համալսարանական մասնագետը հիշեցրեց․ «Շատ հայ բժիշկներ, այդ թվում՝ անձամբ ես, փոխգործակցության շրջանակում վերապատրաստվել ենք Գերմանիայի առաջատար համալսարանական կլինիկաներում։ Այսօր արդեն բուժքույրերի վերապատրաստման հարցն է օրակարգում»։

Մասնագիտական զեկույցների մեկնարկը տրվեց Մյունստերի համալսարանական հիվանդանոցի Պաթոլոգիայի ինստիտուտի ղեկավար Էվա Վարդելմանի կողմից, որը տեսազանգով ներկայացրեց օնկոուրոլոգիական ոլորտում հանդիպող պաթոլոգիաները։

Ռոստոկի բժշկական համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Անժելիկա Բորկովեցը ևս տեսազանգով անդրադարձավ շագանակագեղձի քաղցկեղի լոկալ թերապիայի առանձնահատկություններին։

Հաննովերի բժշկական դպրոցի Ռադիոթերապիայի և հատուկ օնկոլոգիայի ամբիոնի ղեկավար Հանս Քրիստիանսենը կիսվեց ճառագայթային բուժման արդի մեթոդներով։ Ռոստոկի բժշկական համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի մասնագետ Դեզիրե-Լուիզ Դրեգերը ներկայացրեց երիկամների քաղցկեղի համակարգային բուժումը։ Սաարլենդի համալսարանի մանկաբուժության վաստակավոր պրոֆեսոր, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) երիկամային ուռուցքների ուսումնասիրության խմբի նախկին նախագահ Նորբերտ Գրաֆի զեկույցը կրում էր «Մանկական ուռուցքաբանություն. Վիլմսի ուռուցք և ոչ Վիլմսի երիկամային ուռուցքներ» խորագիրը։ Ռոստոկի բժշկական համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի բժիշկ Բյորն Թորբեն Բյուրկը տեսազանգով խոսեց միզուղիների քաղցկեղի համակարգային բուժման նորագույն մեթոդների մասին։

Գիտաժողովի վերջին օրն ամփոփվեց հայ և գերմանացի առաջատար մասնագետների կողմից կլինիկական դեպքերի քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ։

Գերմանացի մասնագետները գիտաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում ունեցան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, համագործակցային մթնոլորտում նախանշվեցին հաջորդ տարի կայանալիք հանդիպման արդի թեմաները և ոլորտները։