ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն այսօր ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային և Հայաստանում ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին:
Ներկայացնելով Զինվորի տունը` բժշկական բուհի ղեկավարը նշեց, որ առողջապահության ոլորտում ամենահին` շուրջ 120 տարվա պատմություն ունեցող պատմական շենքում է տեղակայված կենտրոնը, որն ուղղված է ոչ միայն վերականգնողական բուժմանը, այլև տղաների սոցիալիզացիային:
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` ժողովրդի շնորհիվ, նաև բարերարների աջակցությամբ ստեղծված կարևոր նշանակության կառույցի հաջողության հիմքում առաջին հերթին ոգեշնչված մարդիկ են:
Ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվում ստեղծել նման կառույցներ, որոնք ավելի են, քան մարդասիրությունը, հայրենասիրությունը:
Մեր երկրում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Սինհան փաստեց, որ իրենց համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ և լավ առիթ ծանոթանալու գործունեությանը:
Շրջայցի ընթացքում Հայկուհի Մինասյանը ծանոթացրեց հյուրերին Զինվորի տան սրահներին, իրականացվող վերականգնողական, սոցիալական, մշակութային ծրագրերին: Նրա տեղեկացմամբ` կյանքի կոչվող նախաձեռնությունների միջոցով արդեն 1500 շահառու աշխատանք ունի:
Դեսպանը նվեր ուներ Զինվորի տան համար` գրքերի տեսքով, որոնք կհամալրեն հարուստ գրադարանը՝ հնարավորություն տալով բուժում ստացողներին ազատ ժամանակ ընթերցել նաև Հնդկաստանի մասին պատմող գրականություն:
Ամփոփելով այցը` կիսվելով տպավորություններով, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը փաստեց, որ Զինվորի տունը միայն ֆիզիկական վերականգնման մասին չէ, այլ համալիր է, որը մեծ գաղափարի շուրջ ամփոփում է տարբեր ուղղություններ: