Բժշկական համալսարանում ստեղծագործող մարդկանց պակաս բնավ չի զգացվում։ Ստեղծագործողներց է ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանաստեղծուհի, արձակագիր Արմենուհի Սիսյանը, ով արժանացել է Բրյուսելի գրողների միջազգային ասոցիացիայի 2018թ. գրական մրցանակի:
«Անկեղծ ասած` ինձ համար մեծ անակնկալ էր արժանանալ միջազգային գրական մրցանակի: Հայաստանի գրողների միության անդամ լինելուց բացի ես նաև Բելգիայի գրողների միջազգային ասոցիացիայի անդամ եմ 2016թ.-ից (IWA, Բրյուսել): Մեծ պատիվ եմ համարում արժանանալ այս միջազգային միության ամենամյա` գրական բարձր մրցանակին: Իրենք քաջատեղյակ էին, որ 2018թ. Ճապոնիայում լույս տեսավ ճապոներեն 2-րդ գիրքս, ինչի առիթով, ինչպես նաև Կյոտոյի պոետական ընթերցումների փառատոնին մասնակցելու համար հրավիրվել էի Ճապոնիա: Ի դեպ, ես նաև Կյոտոյի գրողների միության անդամ եմ: Այս տարի Բրյուսելի գրողների սոցիացիայի կողմից հրավեր ունեի նաև Ռումինիայում կայանալիք գրական փառատոնին, բայց չկարողացա մասնակցել: Վերջերս պատիվ ունեցա նաև Թայվանի Չանգուայի Կրթության համալսարանի ‘’Education and Literature’’ ամսագրի միջազգային խորհրդի անդամ դառնալու»,-մանրամասնեց Արմենուհի Սիսյանը՝ հավելելով, որ հաճելի է գնահատված լինելը, հատկապես միջազգային կառույցի կողմից, քանի որ հիմքում բացարձակ անաչառությունն է` առանց ծանոթ-բարեկամի, առավել ևս ազգակից ունենալու:
«Ինչ խոսք, հիմնարար ոչ մի բան օդից կամ մեկ-երկու օրում չի կառուցվում. դա ճանապարհ է, աշխատանք է` տառապանքով ու վայրիվերումներով լի: Մրցանակի սերտիֆիկատի մեջ նշված է ‘’for high performance, level, humanity and quality in literature’’. Հայերեն մի քիչ վերամբարձ է հնչում, այնուամենայնիվ` «բարձրորակ գրականության, մակարդակի, կատարողականության և հումանիզմի (մարդասիրության) համար: Մրցանակը որքան պատվաբեր է, նույնքան էլ պարտավորեցնող: Ծրագրեր շատ ունեմ, պիտի աշխատեմ գոնե դրանց կեսը (քանի որ միայն ինձնից չէ կախված), իրականցնել 2019թ.-ին: Աստված օգնական ինձ և բոլոր նրանց, ովքեր ստեղծագործական մտահղացումներով լի են»,- նշեց մրցանակակիրը: