Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնը համալրվել է նոր բանիմաց մասնագետներով

Երևանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնն արդեն երկար տարիներ կարևոր առաքելություն է կատարում՝ ուսանողների մեջ սերմանելով հայրենասիրություն և ազգասիրություն։

Ամբիոնը կարևոր դեր ունի բժշկական լեզվի կանոնարկման, մշակման, դասավանդման աշխատանքներում:  Ամբիոնի մասնագետները  կրթել և շարունակում են կրթել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի ուսանողներին։

Վերջերս ամբիոնը համալրվել է նոր բանիմաց մասնագետներով, ովքեր մեծ պատասխանատվությամբ և սիրով են կատարում իրենց աշխատանքը։  Ամբիոնականների նպատակն է տեղայնացնել դպրոցում ձեռք բերված հանրակրթական լեզվական գիտելիքները, խորացնել հայոց լեզվի իմացությունը, զարգացնել նրանց բանավոր խոսքի մշակույթը, որպեսզի կարողանան ճիշտ հայերենով շարադրել իրենց մտքերը, տիրապետեն խոսակցական լեզվին, զրույցներ վարեն առօրյա թեմաներով:

«Հայրենիքը նախ և առաջ, լեզուն է»,-այս կարգախոսով են առաջնորդվում հայոց լեզվի ամբիոնի դասախոսները։ Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ զեկուցումներով կամ թեզերով մասնակցել են հանրապետությունում և համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովներին և գիտական նստաշրջաններին:

Նրանց դասերի և ջերմ մթնոլորտի շնորհիվ է, որ այս հյուրընկալ ամբիոնի պատերի ներսում զգացվում է ազգային, հայկական շունչը։ 

ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը նշում է, որ ամբիոնը տարիներ ի վեր ավանդույթ է դարձել բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելը: Ուշադրության են արժանի, օրինակ, գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումը Արցախում (Գանձասար, Շուշի, Ամարաս), «Հ. Սահյան-90», «Բարեկամության կամուրջներ», Մայրենի լեզվի օրվան, Մայիսյան հաղթարշավներին, Մեծ եղեռնի տարելիցին, «Անուշ» պոեմի 100-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև ԵՊԲՀ-ի  և Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպված «Թումանյան-150» միջոցառումը։ Ամբիոնի ներսում գործող երգչախումբը, Հենրիետա Սուքիասյանի ղեկավարությամբ,  Հանրային հեռուստաընկերության «Երգ-երգոց» հաղորդմանը  լավագույն համարներով ևս հանդես է եկել։

Ամբիոնի կազմում գործող գիտամշակութային կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են նաև ուսանողական միջամբիոնական գիտաժողովներ, տեղացի և արտասահմանցի ուսանողների միջխմբային և ներխմբային բանավոր խոսքի, հայրենագիտական թեմայով մրցույթներ:

Հենրիետա Սուքիասյանի խոսքով՝ այս ամենը ստեղծագործական աշխատանքների միայն մի մասն է. «Ամբիոնում կշարունակվեն կազմակերպվել բազմաթիվ միջոցառումներ՝ այդպիսով հարստացնելով համալսարանական առօրյան»: