Հինգ տարի է, ինչ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: «Բարեգործությունը բումերանգ է…» միջոցառումների շարքն այս տարի ամփոփվեց ԵՊԲՀ-ի կարմիր դահլիճում դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությամբ համերգային ծրագրով: Հերացիականները շարունակում են իրենց ավանդույթը և այս տարի ևս կազմակերպվեցին բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում ձևավորված գումարը՝ 850 հազար ՀՀ դրամը աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի որոշմամբ փոխանցվեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին:
Միջոցառման հատուկ հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: Խոսելով բարեգործության և առհասարակ մարդկային արժեքների մասին՝ անվանի կոմպոզիտորն ընդգծեց, որ ամեն ինչի հիմքում սերն է, և միայն այս մոտեցմամբ է հնարավոր ձեռնամուխ լինել աշխարհն ավելի լավը դարձնելու պատասխանատու գործին: ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը նշեց, որ համալսարանում հպարտանում են ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ոչ միայն կրթական, այլև հասարակական, մշակութային, այլ ոլորտներում գրանցած հաջողություններով:
Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն էլ շեշտեց, որ ամենամյա միջոցառումներն առաջին հերթին նպատակ ունեն երեխաների շրջանում ձևավորել ճիշտ արժեհամակարգ, մարդասիրություն, գթասրտություն: Տնօրենի խոսքով՝ ամեն տարի ողջունելի է տեսնել աշակերտների և ծնողների սպասումն ու ակտիվ մասնակցությունը նախապատրաստական աշխատանքներին: Նշենք, որ առաջին 3 տարիների ընթացքում աշակերտական և ծնողական համայնքի ներկայացուցիչները դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են հիվանդանոցներ և մանկատներ` երեխաներին նվիրելով քաղցրավենիքներ, մրգեր և գրենական պարագաների փաթեթներ:
2014 թվականին հերացիականները ամանորյա անակնկալ էին մատուցել ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի Ստեփանյանների սոցիալապես անապահով ընտանիքին՝ նրանց տրամադրելով դրամական աջակցություն, սննդամթերք և հագուստի փաթեթներ: 2015 և 2016 թվականներին բարեգործական միջոցառումների հասույթը տրամադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական ( 2016) և Տրետուք (2017) գյուղերի դպրոցների, մանկապարտեզների երեխաներին և աշխատակիցներին, որոնք ստացել են դրամական աջակցություն, հագուստի և քաղցրավենիքի փաթեթներ:
Նշենք, որ համաձայն ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ռազմավարության՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա համար մշակվել և հաստատվել է հստակ գործողությունների ծրագիր, որն ուղղված է աշակերտների արժեքային համակարգի զարգացմանը, բարեգործության մշակույթի ձևավորմանը, նախաձեռնող, հայրենասեր և բանիմաց քաղաքացիների կերտմանը:
«Բարեգործությունը բումերանգ է…» խորագրով միջոցառումների շարքն այս տարի ևս մեկնարկել էր նոյեմբերին և նպատակ ունի երեխաների շրջանում զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները, մարդասիրական արժեքները: Քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու նպատակով կազմակերպվել են քաղցրավենիքների բարեգործական տոնավաճառներ, ինչպես նաև կազմակերպվել են աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացվել են կավե աշխատանքներ, ամանորյա տոնական պարագաներ:
Դպրոցի բազմաթիվ հաջողությունները բարձր գնահատեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ում ռեկտորատի այսօրվա նիստում ավագ դպրոցի աշակերտները փոխանցեցին իրենց ձեռքի աշխատանքները: