Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հերացի» ավագ դպրոցն ու Գերմանիայի Շտեֆանիում գիմնազիան կհամագործակցեն

«Հերացի» ավագ դպրոցն ու Գերմանիայի Շտեֆանիում գիմնազիան կհամագործակցեն

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցը 2018 թվականի սեպտեմբերից համագործակցում է Շտեֆանիում գիմնազիայի հետ: «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Գերմանիայից ժամանած կրթության մասնագետների՝ երկրամասի միջազգային ծրագրերի համակարգող Կատյա Վենդթի ու Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Վիչիոտեքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գերմանական կողմի հետ համագործակցության արդյունքները` նշելով, որ ծրագրի ավարտին աշակերտներին տրվելու է գերմաներենի իմացության մասնագիտական վկայական: Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Վիչիոտեքը նշել է, որ այցի հիմնական նպատակն աշակերտների փոխանակման ծրագրերի քննարկումն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` աշնանը գերմաներենի լավ իմացությամբ 5-10 հայաստանցի աշակերտներ կմեկնեն Գերմանիա, որին կհաջորդի գերմանացի աշակերտների այցելությունը Հայաստան:

ԿԳՆ հանրակրթության և միջազգային կապերի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել աջակցել երկկողմ հարեբերությունների զարգացմանը և առկա համագործակցության կապերի խորացմանը: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ իրականցվող DSD-Pro գերմաներենի ուսուցման ծրագրի շրջանակում:

Նշենք նաև, որ Գերմանիայից ժամանած կրթության մասնագետները ծանոթացել են «Հերացի» ավագ դպրոցի ուսումնական ծրագրերին ու հետազոտական աշխատանքներին, որոնք ներկայացվել են գերմաներենով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հերացի» ավագ դպրոցում բժշկական համալսարանի ռեկտորի հանրակրթության հարցերով ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: