Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար 2024թ. աշնանային կիսամյակից «Հետազոտությունների հիմունքներ» նորարարական դասընթացը պարտադիր առարկաների շարքում է:
Դասընթացի նպատակն է ձևավորել քննադատական մտածողություն, զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն ուսանողներին արդյունավետ օգտվել ակադեմիական գրականությունից, վերլուծել բժշկական հոդվածները և ուղեցույցները:
«Հետազոտական հմտություններ» կրթական խմբի ուսումնական պատասխանատու, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանի խոսքով` որպես առարկայի պարտադիր բաղադրիչ, կրթական ծրագրում ներառված են ակումբային քննարկումները (Journal Club), որոնց ընթացքում ուսանողները ներկայացնում են գիտական հոդվածների վերլուծություն՝ քննարկելով ժամանակակից բժշկության հիմնարար հարցեր։
Դասընթացը, զինելով ուսանողներին հիմնարար հետազոտական հմտություններով, հանդես է գալիս որպես կարևոր ներդրում նրանց ապագա կարիերայում։ Այն խթանում է հետազոտական մտածողությունը և խորացնում է ապացույցների վրա հիմնված բժշկության ըմբռնումը։
«Նորարարություններից է «դասախոսի օգնականի» (Teacher Assistant) դպրոցի ներդրումը, որի շրջանակներում «Հետազոտության հիմունքներ» դասընթացը գերազանց ավարտած և վերապատրաստում անցած ավագ կուրսերի ուսանողները և օրդինատորներն ընդգրկվել էին կրթական խմբի կազմում որպես դասախոսի օգնական: Դա յուրահատուկ փորձառություն էր ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար՝ նոր երիտասարդ կադրերի պատրաստման գործում»,- ասում է Մովսիսյանը:
Նրա գնահատմամբ` ուսանողական արձագանքները վկայում են, որ դասընթացը մեծ մասամբ բավարարել է նրանց ակնկալիքները՝ հաստատելով դասավանդման ընտրված մեթոդների և ուսուցման նպատակների արդյունավետությունը։ Ուսանողներն առանձնացրել են դասընթացի կառուցվածքային հստակությունն ու արդիականությունը՝ որպես հիմնական առավելություններ։
Դասը վարում են ԵՊԲՀ դասախոսները՝ տարբեր ամբիոններից ներգրավված, և բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գիտաշխատողները:
Դասընթացի առավել հաջողված բաղադրիչների թվում ուսանողները նշել են՝
որոնք էական դեր են խաղացել հետազոտական հմտությունների ամրապնդման և ակտիվ ուսուցման խթանման գործում։
Կրթական ծրագրում դասընթացի ներդրումը խթանելու է որակապես նոր և շարունակաբար զարգացող բժշկության արդի պահանջներին համապատասխան մասնագետների նոր սերնդի զարգացմանը: