Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հետբուհական և շարունակական կրթության ոլորտի բարեփոխումները՝ ուշադրության կենտրոնում

Հետբուհական և շարունակական կրթության ոլորտի  բարեփոխումները՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստի առաջին հարցը նվիրված էր ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության 2016-2017թթ. ուսումնական տարվա հաշվետվության արդյունքներին:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց ոչ միայն կատարված աշխատանքը, այլև հանգամանալից անդրադարձավ բարեփոխումների ուղիներին և առաջիկա ծրագրերին: Նա տեղեկացրեց գիտական խորհրդի անդամներին, որ հետբուհական և շարունակական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է «Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն»-ը, որի ստեղծման նպատակով հայտարարվել է մրցույթ:

Պրոռեկտորը նշեց նաև, որ ուսումնական և խորհրդատվական  աշխատանքներ իրականացնելու, համալսարանի հետ անընդհատ և շարունակական կապ ապահովելու, մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով ամիսներ առաջ արդեն հիմնադրվել է նաև ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը:

Զեկուցողը ներկայացրեց նաև 2016-2017 թթ. և 2017-2018 թթ. ուսումնական տարիներին ԵՊԲՀ կլինիկակա օրդինատուրա ընդունելության ցուցանիշները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանձնարարեց Հետբուհական և շարունակական կրթության ոլորտի  պատասխանատուներին մշակել բարեփոխումների համապատասխան հայեցակարգ, որում ներառված  կլինեն  կլինիկական օրդինատուրայում ուսուցման բոլոր փուլերը՝ ընդունելությունից մինչև ավարտական քննություններ:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հայրյանն էլ ներկայացրեց ԵՊԲՀ  արխիվային գործի և արխիվային հավաքածուի համալրման,  հաշվառման,  պահպանության և օգտագործման նոր կանոնակարգը, որը ներառում է արխիվային գործի վարման համալիր կարգավորումներ: Կանոնակարգով մասնավորապես հստակեցվել և պարզեցվել են արխիվային փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը: