Ապագա էնդոկրինոլոգ Դինեշ Ռաջան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է:
Ծնվել է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Կոիմբատորե քաղաքում:
23-ամյա Դինեշի՝ բժիշկ դառնալու որոշումը հետաքրքիր նախապատմություն ունի:
«Երբ 8-րդ դասարանում էի սովորում, մեր դասասենյակից երևում էր Հնդկաստանի հիվանդանոցներից մեկը: Այնտեղ մի բժիշկ էր աշխատում, որն ամեն օր աշխատանքի էր գալիս իր մանուշակագույն գեղեցիկ մեքենայով: Ես բառիս բուն իմաստով սիրահարվեցի այդ մեքենային, որոշեցի հետագայում բժիշկ դառնալ ու նույն մեքենայից ունենալ: Իսկ լրջորեն բժիշկ դառնալու որոշումը ես կայացրի արդեն 10-րդ դասարանում՝ պետական քննությունից հետո: Այդպես բժիշկ դառնալը դարձավ իմ երազանքը», – պատմում է հնդիկ շրջանավարտը:
Նրա համար նույնպես, ինչպես և ԵՊԲՀ բոլոր հնդիկ ուսանողների համար, Հայաստանը երկրորդ հայրենիք է:
«Բժշկական համալսարանում իմ վեց տարվա ուսումնառության՝ ճանապարհորդության ընթացքում ես ոչ միայն ստացել եմ բժշկական կրթություն, այլև կյանքի արժեքավոր դասեր: Ունեմ շատ հայ ընկերներ, որոնք միշտ աջակցել են ինձ տարբեր դժվարին իրավիճակներում», – ասում է Դինեշը:
Հնդիկ շրջանավարտի երազանքն է դառնալ էնդոկրինոլոգ: «Այս որոշումը պայմանավորված է Հնդկաստանում նյութափոխանակության խանգարումների աճով, հատկապես՝ շաքարային դիաբետով», – շեշտում է նա:
Ցանկացած բժշկի համար, Դինեշի խոսքով, միշտ կարևոր է լինել վճռական և ազնիվ: «Լավ բժիշկ լինելու համար պետք է միշտ հավատալ սեփական ուժերին և պատրաստ լինել ցանկացած վատ իրավիճակի», – ավելացնում է նա:
Սպիտակ բանակի բոլոր ապագա հերոսներին Դինեշը խորհուրդ է տալիս երբեք կանգ չառնել նոր գիտելիք ստանալու ճանապարհին, լինել հաստատակամ և, ամենակարևորը, առողջ՝ հասարակությանն առողջացնելու համար:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան