Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ շրջանավարտը նպատակ ունի ամրապնդել կանխարգելիչ բժշկությունը

Հնդիկ շրջանավարտը նպատակ ունի ամրապնդել կանխարգելիչ բժշկությունը

Հանրային առողջապահության ապագա հետազոտող Դարշան Շինգալան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է հասել Հնդկաստանի արևմուտքից՝ Ջամնագար փոքրիկ քաղաքից: 2020 թվականի հունիսին նա ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

26-ամյա Դարշանն իրեն բնութագրում է որպես լավատես մարդ. «Հավատում եմ, որ, չնայած կյանքի դժվարություններին, միշտ հուսադրող որևէ բան կա. կյանքը մեզ հաճելի անակնկալներ է պատրաստում: Ես հանգիստ մարդ եմ, մտերիմ ընկերներիս շրջանակը շատ նեղ է», – ասում է Դարշանը:

Պատմելով բժշկի մասնագիտության ընտրության մասին՝ օտարերկրացի շրջանավարտը նշում է, որ միշտ մտածել է՝ ինչ-որ մեկի ցավը մեղմելը կարող է ազնվական, վեհ կոչում լինել:

«Հենց այդ պատճառով էլ որոշեցի բժիշկ դառնալ: Իմ կարծիքով՝ մարդկանց համար հոգ տանելը, երբ նրանք գտնվում են խոցելի վիճակում, առավելություն է: Բժշկությունն ինձ միանգամից գրավեց: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, հավատում եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել», – ավելացնում է Դարշանը:

Իսկ թե ինչու ընտրեց Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար, ապագա հետազոտողը վստահ է՝ ավելի շուտ Հայաստանն իրեն ընտրեց: «Կարծես կանխորոշված էր իմ այստեղ լինելը: Բժշկական համալսարանը գրեթե մեկ դար աշխարհին տվել է օրինակելի ու պրոֆեսիոնալ բժիշկներ: Ես երջանիկ եմ, որ այսքան տարի ապրել եմ Հայաստանում, որը հարուստ պատմությամբ և հնագույն մշակութային ժառանգությամբ գեղեցիկ երկիր է: Ես հայկական մշակույթի, ավանդույթների, հայրենասիրության, ճարտարապետության և բնության երկրպագուն եմ», – անկեղծանում է Դարշանը:

Երևանում իր կյանքը նա համարում է ամենօրյա տոն, կյանքի տոն: «Ես գնահատում եմ և շնորհակալ եմ հայ ժողովրդին բարության, հյուրընկալության, մշակույթի և, իհարկե, համեղ խոհանոցի համար», – ասում է Դարշանը:

Ապագայում նա մտադիր է զարգացնել կարիերան որպես հանրային առողջապահության հետազոտող: «Ես նպատակ ունեմ ամրապնդել կանխարգելիչ բժշկությունը՝ նպաստելով համաշխարհային բարեկեցությանը առողջապահության ոլորտում համատեղ հետազոտությունների միջոցով», – պարզաբանում է հնդիկ շրջանավարտը:

Ներկայումս նա պրակտիկա է անցնում համալսարանական տարբեր հիվանդանոցներում՝ որպես բժշկի օգնական: 2020 թվականի հունիսին համալսարանն ավարտելուց հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշեց մեկ տարի մնալ Հայաստանում `աշխատանքային փորձ ձեռք բերելու համար: Բացի մասնագիտական կատարելագործման գործնական մասից, Դարշանը նաև աշխատում է որպես կամավոր հետազոտող ԵՊԲՀ COBRAIN Armenia թիմում, որն ուսումնասիրում է կորոնավիրուսի նյարդաբանական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Աշխատել է  նաև պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ որպես հանրային առողջության պրակտիկանտ: Հայաստանում աշխատելու իր փորձը Դարշանը շատ հաճելի և օգտակար է համարում:

«Իմ կարծիքով՝ լավ բժիշկ դառնալու համար կարևոր է ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում ենք՝ մեզ հետ վարվեն: Ապագա բոլոր բժիշկներին խորհուրդ եմ տալիս հավատարիմ մնալ կարիերայի աշխարհում իրենց անհատական «ճանապարհորդությանը» և փայփայել այն: Պետք է ձգտեք նախ դառնալ կարեկից մարդ, իսկ այնուհետև հաջողությունները կուղեկցեն ձեզ», – եզրափակում է Դարշան Շինգալան:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան