Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ ռեկտորին

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ ռեկտորին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում և հունիսի 27-ին եկել էր հրաժեշտ տալու ԵՊԲՀ ռեկտորին։

«Հայաստանում հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք է կատարվել։ Պետական բազմաթիվ կառույցների հետ են հարաբերություններ ստեղծվել ու զարգացել։ Սակայն իմ սրտում հատուկ տեղ ունի պետական բժշկական համալսարանը, որտեղ այսօր իմ հայրենիքից 1100-ից ավել ուսանող է սովորում։ Այս հանգամանքը մեր հարաբերությունները յուրահատուկ է դարձրել»,-ասաց դեսպանը։

Նա` ինչպես Արմեն Մուրադյանին, այնպես էլ բուհի անձնակազմին իր շնորհակալությունը հայտնեց հնդիկ ուսանողների հանդեպ ջերմ ու սրտացավ վերաբերմունքի համար։

«Վստահ եմ, որ իմ հայրենակիցներն, ավարտելով այս բուհը, ոչ միայն լավ մասնագետներ, այլև լավ մարդիկ կդառնան։ Ես մշտապես կմնամ Հայաստանի բարեկամն ու ընկերը և պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում աջակից լինել բժշկական կրթության հետ առնչվող ցանկացած հարցի։ Կսատարեմ իմ հայրենիքում Երևանի պետական բժշկական համալսարանի մասին ձևավորված բարի համբավը բարձր պահելուն»,-հավելեց Յոգեշվար Սանգվանին:

ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ևս կարևորեց Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը։

«Հուսով եմ, որ այս ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ հարաբերությունները, հնդիկ ուսանողների կրթական խնդիրներին համակողմանի և հեռանկարային մոտեցումները կշարունակվեն։ Այդ ուղղությամբ մենք միասին կարողացանք կարևոր շատ խնդիրների լուծումներ գտնել։ Այս ամենը նաև բարեկամական ջերմ հարաբերությունների հիմք դարձավ։ Վստահ եմ, որ մենք ապագայում ևս լավ բարեկամներ կմնանք»,-ասաց Արմեն Մուրադյանը: