Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած տարեվերջյան նիստում ամփոփվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2024 թվականի գործունեությունը:

Միքայել Ադամյանի նախագահությամբ անցկացվող նիստին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց ավարտին մոտեցող տարվա հաշվետվությունը` հերթականությամբ ու ըստ ոլորտների անդրադառնալով կրթական, գիտական, կլինիկական, ադմինիստրատիվ ուղղություններով կատարված աշխատանքներին` նախանշելով ապագայի ծրագրերն ու անելիքները:

Բուհի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները, ձեռքբերումները, որոնց մասին նա հանգամանալից խոսել էր նաև Գիտական խորհրդի նիստում, արտացոլում էին բժշկական կրթական հաստատության հիմանկան ձեռքբերումները` չանտեսելով առկա խնդիրները:

«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ գործակցությամբ և աջակցությամբ ստեղծվող գրադարանի կառուցման գործին բուհում մեծ տեղ է հատկացվում:

Արդեն իսկ նախորդ երեք ամիսներին իրականացվել և պատրաստ են գրադարանային համալիրի էսքիզները, Ռոտերդամից պարբերաբար ժամանող ճարտարապետների հետ ծրագրի պատասխանատուները մշտական կապի մեջ են` նպատակ ունենալով ձևավորել բուհական նոր մշակույթ և մթնոլորտ:

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող շրջանավարտներին համալսարանի տարաբնույթ նախաձեռնություններում ներգրավելը ռեկտորը մատնանշեց որպես ապագային ուղղված նպատակ, ինչպես նաև շշետադրեց ու կարևորեց երիտասարդացման քաղաքականությունը:

Զեկույցում, որը համադրված էր թվային, վերլուծական տվյալներով, անդրադարձ կատարվեց միջազգային ծրագրային հավատարմագրմանը, այս ուղղությամբ շարունակվող քայլերից մինչև Կլինիկական լաբորատոր ախտորոշիչ միասնական կենտրոնի, Արհեստական բանականության և թվային առողջապահության ամբիոն ձևավորմանը, ուսումնական նոր հատվածներին, կրթական ծրագրերին, ընդլայնվող երկրների աշխարհագրությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Ընդհանուր բժշկության հավատարմագրված ֆակուլտետի տեսական ամբիոններում դասավանդողների ժամավճարի ֆոնդի բարձրացմանը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը դիմելով ներկաներին` փաստեց, որ լինելով այս խորհրդի կազմում, ականատես է լինում ցուցանիշների լավացմանը` բոլոր առումներով:

Նա շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավար կազմին, թիմին հետևողական և ամենակարևորը` սրտացավ, նվիրված կառավարման համար` հույս հայտնելով, որ զարգացման բոլոր միտումները կպահպանվեն, նախանշվածը հաջողությամբ կյանքի կկոչվի:

 Հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի կողմից զեկուցվեցին մի շարք` այդ թվում ԵՊԲՀ կառուցվածքի և հաստիքացուցակի, 2024 թվականի բյուջեի կատարման կանխատեսման հաշվետվության քննարկմանն ու հաստատմանը վերաբերող հարցերը:

Եզրափակելով նիստը` Հոգաբարձուների խոհրդի նախագահ Միքայել Ադամյանը նույնպես շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար և փաստեց` անցնող տարում քննարկվել են բազում գործնական, օպերատիվ լուծումներ պահանջող հարցեր:

Դրանց լուծմանն ուղղված թիմային մոտեցումը շարունակվելու է` ի նպաստ բժշկական համալսարանի առաջընթացի:

Ռեկտոր Արմեն Մուրադյանն արձագանքելով` նշեց, որ սկսած կրթագիտական թեմաներով քննարկումներից մինչև տեխնիկական` կիրառվել են կոնցեպտուալ մոտեցումներ` կառուցողական դաշտում:

ԵՊԲՀ կառավարման մարմին հանդիսացող Հոգաբարձուների խորհրդի անդամ ապագա բժիշկներին, պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին բուհի ղեկավարը գալիք տարում մաղթեց հաջողություններ: