Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեր երկրում հոգեկան խանգարումների կառուցվածքում առաջին տեղում է մտավոր հետամնացությունը․ տեսանյութ

Մեր երկրում հոգեկան խանգարումների կառուցվածքում առաջին տեղում է մտավոր հետամնացությունը․ տեսանյութ

2013 թվականից ի վեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի հոկտեմբերի 10-ին նախաձեռնում է գլոբալ արշավներ հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակում։ Այս տարի ԱՀԿ-ն որպես հոգեկան առողջության համաշխարհային օրվա կարգախոս ընտրել է «Մտավոր առողջությունն աշխատավայրում»՝ ընդգծելով հոգեկան առողջության և աշխատանքի միջև անխզելի կապը։

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և ջանքեր գործադրել՝ աջակցելու հոգեկան առողջության խթանմանը:

Հոգեկան հիվանդությունների բացակայությունը դեռևս երաշխիք չէ հոգեկան առողջության համար։ «Հոգեկան առողջության խանգարումը»՝ համապարփակ հասկացություն է, որը ներառում է հոգեկան հիվանդություններ, ինչպես նաև հոգեկան ախտաբանական վիճակներ, որոնք ուղղեկցվում են դիստրեսով, ֆունկցիոնալ խանգարումներով կամ ինքնավնասման ռիսկի բարձրացումով:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2019 թվականին աշխարհում 970 միլիոն մարդ տառապել է հոգեկան խանգարումներով, որոնցից ամենատարածվածը եղել են տագնապայնությունն ու դեպրեսիվ խանգարումները։ Նույն տարեթվին տագնապայնություն ունեցող անձանց թիվը կազմում էր 301 մլն., այդ թվում 58 մլն դեպք գրանցվել էր երեխաների և դեռահասների շրջանում, դեպրեսիայով տարապել է 280 մլն մարդ, այդ թվում 23 մլն երեխաներ, երկբևեռ խանգարումներով՝ 40 մլն մարդ, դիսոցիալական խանգարումներով՝ 40 մլն, շիզոֆրենիայով՝ 24 մլն. մարդ: COVID-19 համաճարակի արդյունքում տագնապայնության և դեպրեսիվ խանգարումների տարածվածությունն աճել է, համապատասխանաբար 26 և 28%-ով:

Պատերազմող երկրներում նաև շատ տարածված են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Գրեթե բոլոր հոգեկան խանգարումները, բացառությամբ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործմամբ պայմանավորված խանգարումների, ավելի հաճախ են հանդիպում կանանց շրջանում: 2019 թ.-ին մեծահասակ բնակչության շրջանում հոգեկան խանգարումներ են ունեցել կանանց 20% և տղամարդկանց 18%-ը:

ԱՀԿ տվյալների համաձայն՝ հոգեկան առողջության բոլոր խանգարումների կեսը սկսվում է 14 տարեկան հասակում, սակայն դրանց մեծ մասը չի ախտորոշվում և չի բուժվում: Աշխարհում դեռահասների 10-20%-ը ունենում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Տղաների շրջանում հիմնականում տարածված են աուտիզմը, տագնապայնությունը և վարքի խանգարումները, մինչդեռ աղջիկների մոտ` տագնապայնությունը, վարքի խանգարումները և դեպրեսիան:

Տարեցների շրջանում, բացի այլ տարածված խանգարումներից, տարածված են նաև հոգեկան խանգարումների հատուկ տեսակներ, ինչպիսիք են դեմենցիան, ընդ որում Ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեմենցիայի բոլոր դեպքերի 60-70%-ը: ԵՄ-ում ≥60 տարեկան անձանց շուրջ 5%-ը տառապում է դեմենցիայով: Ընդորում, կանայք մոտ 1,6 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան տղամարդիկ: Սեռերի այս տարբերությունը մասամբ պայմանավորված է կանանց երկարակեցությամբ:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս, 1995-2022թթ. ժամանակաշրջանում հոգեկան խանգարումներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ է գրանցվել (33.1-ից մինչև 84.9/100.000 բնակչի հաշվով): Նույն ժամանակահատվածում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների ցուցանիշը աճել է 3.7 անգամ (23.6-ից մինչև 88.2/ 100 000), խորհրդատվական հսկողության տակ վերցված պացիենտների թիվը` 3 անգամ (9.5-ից մինչև 28.5/ 100 000): Ընդ որում, առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ գրանցվել է նաև երեխաների շրջանում. 0-14 տարեկանների խմբում` 2.4 անգամ (19.9-ից մինչև 48.3/100 000), իսկ 15-17 տարեկան դեռահասների շրջանում` 2.5 անգամ (80.0-ից մինչև 200.0/100 000): Առաջնակի հիվանդացության զգալի աճ է (27.4%-ով) տեղի ունեցել, հատկապես, COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմից հետո: 2020թ.-ի ցուցանիշը կազմել էր 66.1/100 000, իսկ 2021թ.-ին` 84.2/100 000:

Մեր երկրում հոգեկան խանգարումների կառուցվածքում առաջին տեղում է մտավոր հետամնացությունը (22.9/100.000), երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում են, համապատասխանաբար օրգանական հոգեկան խանգարումները (16.0/100.000), նևրոտիկ, սթրեսով պայմանավորված խանգարումները (13.7/100.000), շիզոֆրենիան, շիզոտիպիկ և զառանցանքային հոգեկան խանգարումները (9.2/100.000):
ԱՀԿ տվյալների համաձայն՝ դեպրեսիվ խանգարումներ գրանցվել են 3.5 և 2.3% ՀՀ կանանց և տղամարդկանց շրջանում: Տագնապայնության առկայությունը գրանցվել է 3.9 և 2.5% կանանց և տղամարդկանց շրջանում:

Այսօր աշխարհում գոյություն ունեն հոգեկան խանգարումների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցներ: Կախված հոգեկան խանգարումների տեսակից կարող են կիրառվել բուժական, հոգեբանական օգնության մի շարք մեթոդներ, ներառյալ հոգեկրթությունը, սթրեսի նվազեցման մեթոդները, սոցիալական գործունեության տարբեր ցուցանիշների բարձրացումը, հոգեսոցիալական վերականգնումը, ինչպես նաև կախված պացիենտի տարիքից և խանգարման ծանրության աստիճանից, կարող է նշանակվել դեղորայքային բուժում: Միևնույն ժամանակ առողջապահական համակարգերը դեռևս պատշաճ կերպով չեն արձագանքում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց կարիքներին: Ամբողջ աշխարհում դիտվում է զգալի անհամապատասխանություն օգնության պահանջարկի և դրա ցուցաբերման ծավալների միջև։ Օրինակ, ըստ ԱՀԿ տվյալների, դեպրեսիա և փսիխոզներ ունեցողներից հոգեբուժական և հոգեբանական օգնություն են ստանում միայն 33% և 29%-ը:
Հոգեկան առողջության խանգարումների կանխարգելումը սկսվում է հոգեկան հիվանդությունների վաղ նշանների և ախտանիշների իմացությամբ: Ծնողները և ուսուցիչները կարող են օգնել երեխաներին և դեռահասներին զարգացնել կյանքի հմտություններ, որոնք անհրաժեշտ են առօրյա դժվարություններին դիմակայելու համար: Շատ կարևոր է բուժաշխատողների մասնագիտացված վերապատրաստումը հոգեկան խանգարումների վաղ ախտորոշման և կառավարման ոլորտում:

Հոգեկան առողջության պահպանման հիմնական կանոններն են․
• Հաղորդակցման ընդլայնումը, գոյություն ունեցող կապերի պահպանումը։ Ընդ որում, մարդկանց հետ շփումը պետք է լինի հետաքրքիր և հաճելի
• Սովորությունը ապրել «ներկա ժամանակում»
• Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում։ Կարելի է զբաղվել սպորտով, նկարել, սովորել օտար լեզուներ, և այլն
• Օգնության ցուցաբերումը։ Եղեք բարյացակամ և աջակցող Ձեր ընկերների, ընտանիքի անդամների, նույնիսկ անծանոթ մարդկանց նկատմամբ։ Դուք, անկասկած, կստանաք փոխադարձ երախտագիտություն, ինչը դրական հուզական փորձ է։
• Արգելքների բացակայություն (իհարկե, դրական իմաստով): Անձը, որը հոգեբանական մակարդակով իր համար խոչընդոտներ է ստեղծում, մոտենում է հոգեկան առողջության խանգարմանը։

Օրվա խորհրդով ձեզ ենք ներկայացնում հոգեկան առողջության թեմային նվիրված «Բժշկություն 5 րոպեում» շարքի հերթական թողարկումը: