Հոկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):
Միջազգային օրացույցում այս օրը սահմանվել է 1992 թվականին՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հոկտեմբերի 10-ին նախաձեռնված բոլոր միջոցառումները նպատակաուղղված են բնակչության շրջանում հոգեկան առողջության խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ, օրը միտված է դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության, թմրանյութերից կախվածության, էպիլեպսիայի, մտավոր հոգնածության կրճատմանը:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչին նպաստում են տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը:
Այս տարվա արշավի կարգախոսն է. «Հոգեկան առողջության խնամք բոլորի համար. եկեք այն իրականություն դարձնենք»։