Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս․ «Ոչ ոք չպետք է միայնակ դիմակայի կրծքագեղձի քաղցկեղին»

Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս․  «Ոչ ոք չպետք է միայնակ դիմակայի կրծքագեղձի քաղցկեղին»

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում: Աշխարհում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 2.3 միլիոն նոր դեպք: Այն կազմում է երկու սեռերի մոտ գրանցվող քաղցկեղի յուրաքանչյուր ութերորդ դեպքը և կանանց մոտ քաղցկեղի բոլոր դեպքերի մեկ քառորդը, իսկ մահացության դեպքերի 70%-ի համար պատճառ են հանդիսանում սահմանափակ ռեսուրսները:

Առողջապահական համակարգի խոչընդոտները, պացիենտների տեղեկացվածության և գիտելիքների ցածր մակարդակի հետ կապված գործոնները նպաստում են վաղ հայտնաբերման ծառայությունների նվազ կիրառմանը, ինչը հանգեցնում է հիվանդության ախտորոշմանը ուշ փուլերում և անբարենպաստ ելքերի: Սահմանափակ ռեսուրսներ ունեցող շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղն ազդում է համեմատաբար երիտասարդ բնակչության վրա, ինչը վաղաժամ մայրական մահացության պատճառ է դառնում: 2022 թվականին կրծքագեղձի քաղցկեղը 670.000 մահվան պատճառ է դարձել։

Հետաքրքրական է, որ կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ կեսը արձանագրվում է հիմնականում այն կանանց մոտ, ովքեր չունեն որևէ կոնկրետ ռիսկի գործոն` բացառությամբ սեռի և տարիքի:

2022 թվականին կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունն է եղել 185 երկրներից 157-ում։  Հիվանդացությունը  հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում: Հատկանշական է, որ արական սեռի ներկայացուցիչները կազմում են կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 0.5–1%-ը:

Կրծքագեղձի քաղցկեղի բջիջները առաջանում են կաթ արտադրող կաթնուղիների և (կամ) կրծքագեղձի լոբուլների ներսում: Ամենավաղ ձևը (in situ) կյանքին սպառնացող չէ և կարող է հայտնաբերվել վաղ փուլերում: Քաղցկեղի բջիջները կարող են տարածվել կրծքագեղձի մոտակա հյուսվածքի մեջ (ներխուժում) և արդյունքում առաջանում են ուռուցքներ: Ինվազիվ քաղցկեղը կարող է տարածվել մոտակա ավշային հանգույցների կամ այլ օրգանների վրա (մետաստազներ տալ): Բուժումը կախված է կոնկրետ պացիենտից, քաղցկեղի տեսակից և դրա տարածումից: Բուժումը ներառում է վիրահատություն, ճառագայթային թերապիա և դեղորայքային բուժում:

Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է սեռական հասունացումից հետո ցանկացած տարիքի կանանց մոտ աշխարհի յուրաքանչյուր երկրում, բայց կյանքի ավելի մեծ տարիքում գրանցվող դեպքերի քանակը հետզհետե ավելանում է:

2021 թվականին ՀՀ մի շարք մարզերում մեկնարկել են կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ, որոնք իրականացվում են տվյալ մարզերի 50-69 տարիքային խմբի կանանց շրջանում:

Ըստ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների` կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 11.3%։ Մամոգրաֆիկ հետազոտություն երբևէ չանցած 30-60 տարեկան կանանց թիվը և՛ 2022 և 2016 թթ.-ին մնում է շատ բարձր՝ 79.2%

Հատկանշական է, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց փոքր թիվը կապված է այն փաստի հետ, որ պիլոտային ծրագրի իրականացման մարզերից բացի, ծրագրի շրջանակներից դուրս այդ հետազոտությունը իրականացվում է վճարովի հիմունքներով, որն էլ շատ կանանց համար մատչելի և հասանելի չէ: Ամփոփելով տվյալները` կարող ենք ասել, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց թիվը 2007-2012 թվականներին աճել է 3.6%-ից մինչև 14.8%, որից հետո՝ 2016 և 2022 թվականներին նվազել է մինչև 11.3%:

Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների` 2023թ.-ին Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված կրծքագեղձի քաղցկեղի 1511 դեպք է գրանցվել, որի 56%-ը հայտնաբերվել է I-II փուլում, 22.5%-ը III փուլում, իսկ 21.5%-ը` IV: Ըստ 2023թ.-ի տարեվերջյան տվյալների` կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտրենի թիվը կազմել է 14.632:

Օրվա հետ կապված ԱՀԿ-ն ներկայացրել է մի քանի նպատակ`

  • Բարձրացնել իրազեկվածությունը և խթանել վարքի փոփոխությունը` կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի և վաղ ախտորոշման լուսաբանման մակարդակը բարձրացնելու համար, հատկապես սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
  • Խթանել գիտելիքների, փորձի փոխանակումը և գործընկերությունը. հարթակ տրամադրել կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման համար, նպաստել գիտելիքների փոխանակմանը և ամրապնդել համագործակցությունն ու գործընկերությունը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:
  • Աջակցել ազգային մակարդակով ԱՀԿ-ի` կրծքագեղձի քաղցկեղի Գլոբալ նախաձեռնության (GBCI) ընդունմանը, խրախուսել երկրներին ընդունել և իրականացնել կրծքագեղձի քաղցկեղի գլոբալ նախաձեռնությունը ՝ կենտրոնանալով վաղ հայտնաբերման, ժամանակին ախտորոշման և համապարփակ բուժման վրա:
  • Խթանել պացիենտներին ցուցաբերվող աջակցությունը և վերացնել խարանն ու խտրականությունը: Շեշտադրել պացիենտի վրա հիմնված խնամքի կարևորությունը, ներառյալ բժշկական, հուզական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը պացիենտների նավիգացիոն համակարգերի միջոցով՝ միաժամանակ վերացնելով կրծքագեղձի քաղցկեղի բուժման հասանելիության գենդերային և սոցիալ-տնտեսական անհավասարությունները: