Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալվել էր Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշեմյան Թագավորության հյուպատոս Ռիյադ Աբաբնեհը։
Հորդանանցի ապագա բժիշկների հետ հանդիպման ընթացքում դիվանագետը, կարևորելով Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունների սերտացման անհրաժեշտությունը, ընդգծեց․ «Այս համալսարանն ավարտողները միշտ խոստումնալից ապագա են ունենում։ Դուք տիրապետում եք մարդասիրական մասնագիտության․ դա ուղղակի աշխատանք չէ։ Մենք ուրախ ենք, որ դուք այստեղ ստանում եք շատ լավ կրթություն»։
Հյուպատոսի հետ քննարկվեցին ուսանողներին մտահոգող հարցերը, բարձրաձայնված խնդիրներին առաջարկվեցին համապատասխան լուծումներ։ Ռիյադ Աբաբնեհի խոսքով՝ մոտ ապագայում Երևանում կբացվի Հորդանանի Հաշեմյան Թագավորության պատվավոր հյուպատոսությունը։
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ընդգծեց, որ այցը կարևոր է ինչպես հորդանանյան կողմի, այնպես էլ համալսարանի համար։ Պրոռեկտորը գոհունակություն հայտնեց Երևանում Հորդանանի Հաշեմյան Թագավորության պատվավոր հյուպատոսության բացման առնչությամբ։ «Իհարկե, մենք լավ պատկերացնում ենք Հորդանանի կարևորությունը տարածաշրջանում․ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս մեծ տարածաշրջանում կա լարվածություն, բայց Հորդանանը տարբերվում է իր կայունությամբ։ Այդ կայունությունը մենք զգացել ենք նաև հորդանանցի ուսանողների մեջ․ նրանք ևս կազմակերպված, փայլուն անձնավորություններ են», – նկատեց Երվանդ Սահակյանը։ Այս պահին, նրա փոխանցմամբ, բժշկական համալսարանում կրթություն է ստանում 2047 օտարերկրացի ուսանող, որոնցից 205-ը՝ Հորդանանից։ «Դեկտեմբերի 21-ին սպասվում է, որ մեր երկիր կժամանի ևս 30 հորդանանցի նախապատրաստական բաժնի ուսանող», – հավելեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը։